Այրուցքի դեմ պայքարում սովորաբար հակաթթուների եւ պրոտոնային պոմպի ինհիբիտորներից դեղամիջոցներ են կիրառվում: Սակայն կենսաձեւի որոշ փոփոխություններ կարող են էապես բարելավել հիվանդների վիճակը:
Ինչպես հայտնում է news4jax.com-ը, ամերիկացի հետազոտողները պարզել են, որ մարմնի քաշի առողջ ցուցանիշների պահպանումն ամենակարեւոր գործոններից մեկն է այրուցքի դեմ պայքարում: Եթե մարդն օրական առնվազն կես ժամ է ծախսում միջին եւ բարձր ինտենսիվությամբ վարժությունների վրա, դա եւս կարող է բարելավել վիճակը:
Մեծ դեր ունի նաեւ առողջ սննդակարգը՝ ամբողջական հացահատիկների մեծ քանակությամբ, ինչպես նաեւ կարմիր մսի եւ ավելացված շաքարի քիչ քանակությամբ: Եթե դուք այրուցք ունեք, լավ գաղափար է նաեւ հրաժարվել ծխելուց, քանի որ ծխախոտը քիմիական նյութեր է պարունակում, որոնք խանգարում են ադեկվատ մարսմանը եւ նպաստում այրուցքի առաջացմանը:
Խմիչքներ ընտրելիս նույնպես պետք է զգույշ լինել: Եթե դուք օրական ոչ ավել քան երկու բաժակ սուրճ, թեյ կամ գազավորված ըմպելիք եք խմում, ապա այրուցքի զարգացման ռիսկը շատ ավելի ցածր է:






