Երկվորյակների քանակը 1980-ից մինչ օրս յուրաքանչյուր 1000 հղիության համար ավելացել է մոտ մեկ երրորդով: Այս մասին ասվում է Human Reproduction ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Ինչպես պատմում է Medportal.ru-ն, այժմ զգալիորեն ավելի շատ երկվորյակներ են ծնվում, քան նախկինում: 1980-ականներին զույգով հղիություններ 1000-ից 9 էին լինում, 2015-ին` 1000-ից 12-ը: Այսինքն, կարելի է խոսել նշված ժամանակահատվածում դրա հաճախականության մեկ երրորդով ավելացման մասին:

«[Երկվորյակներով հղիության] հաճախականությունն այժմ ամենաբարձրն է վերջին 50 տարվա ընթացքում: Հավանաբար, ամենաբարձրը պատմության ողջ ընթացքում»,- New Scientist-ին ասել է Օքսֆորդի համալսարանից հետազոտության համահեղինակ Քրիստիան Մոնդենը:

Նրա խոսքով՝ վերջին տարիներին բժշկության առաջընթացի շնորհիվ երկվորյակները սկսել են ավելի հաճախ գոյատեւել:

Նկարագրված աճը հիմնականում պայմանավորված է ավելի մեծ թվով ոչ նույնական երկվորյակների հայտնվելով, որոնք ստացվում են տարբեր ձվաբջիջների բեղմնավորման դեպքում: Ընդ որում՝ նույնական երկվորյակներով հղիությունների թիվը գրեթե չի փոխվել:

Փորձագետների կարծիքով՝ երկվորյակներով հղիությունների թիվն աճում է, առաջին հերթին` օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ, եւ երկրորդ՝ համարվում է, որ բարձր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում կանայք ավելի հաճախ են սկսել ուշ ծննդաբերել, իսկ տարիքի հետ մեծանում է օվուլյացիայի ժամանակ ձվարանից երկու ձվաբջջի դուրս գալու հավանականությունը: