Որքան բարձր է տեստոստերոնի մակարդակը, այնքան քիչ է տղամարդը պատրաստ դրսեւորել առատաձեռնություն եւ մեծահոգություն: Այդ անսպասելի եզրահանգման են եկել չինացի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences պարեբրականում:
«Նովոստի Mail.RU»-ի հաղորդմամբ՝ տեստոստերոնն ուժգին ազդեցություն ունի գլխուղեղի եւ տղամարդում վարքի վրա: Այսպես, այդ հորմոնի բարձր մակարդակը կապում են առավել ագրեսիվության եւ իմպուլսիվության, ասոցիալ վարքի եւ պատահական սեռական կապերի փնտրտուքի հետ:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնի մակարդակը եւս ազդում է տղամարդու՝ սեփական նյութական բարիքները կիսելու պատրաստակամության վրա: Գիտափորձի ընթացքում 18-25 տարեկան տղամարդկանց 70 տոկոսը բաժանվել էր երկու խմբի: Բոլոր մասնակիցներին քսել են գել. առաջին խմբի գելը պարունակել է 150 միլիգրամ տեստոստերոն, իսկ երկրորդինը՝ պլացեբո:
Այնուհետեւ բոլոր մասնակիցներին խնդրել են տեսակավորել իրենց շփման շրջանակից տարբեր մարդկանց՝ հաշվի առնելով նրանց հետ հուզական մտերմությունը: Ավելի ուշ կամավորները ստացել են գումար, որոնցով պետք է կիսվեին հիշատակված մարդկանց հետ: Զուգահեռաբար գիտնակաները հետեւել են կամավորների ուղեղի ակտիվությանը ՄՌՏ-ի օգնությամբ:
Հիմնական խմբի տղամարդիկ ցուցաբերել են պակաս արտահայտված առատաձեռնություն մարդկանց նկատմամբ, որոնց հետ չունեն էական հուզական մտերմություն: Տեստոստերոնի բարձրացված մակարդակը նվազեցրել է ուղեղի շրջանում ակտիվությունը, որը կապված է ապրումակցման հետ: Այդկերպ, տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում թուլացել է կարեկցելու եւ ալտրուիզմի սեփական դրսեւորումներից հաճույք ստանալու ունակությունը:






