Virgin Atlantic ավիաընկերության պատվերով իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ ինքնաթիռ նստած տղամարդկանց 41 տոկոսը «Խաղալիքների պատմություն 3», «Կեր, աղոթիր, սիրիր» եւ նմանատիպ այլ ֆիլմեր դիտելիս չեն կարողանում արցունքները զսպել: Ընդ որում, հարցվածների կեսից ավելին (55 տոկոս) վկայել են, որ ավիաթռիչքի ընթացքում առավել զգայուն են դառնում, եւ որ կինոթատրոնում դիտելու պարագայում վերոհիշյալ ֆիլմները բոլորովին էլ այդքան հուզիչ չեն թվում: Հալլի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Յակոբ Էմպսոնի համոզմամբ, ինքնաթիռում մարդու բոլոր զգայարանների սրում եւ անկայուն էմոցիոնալ վիճակ է նկատվում: Հատկապես երբ խոսքը երկարատեւ թռիչքներին է վերաբերում, որի ընթացքում ուղեւորը քիչ է քնում, զգուշացնում է The Daily Mail-ը:

Գիտնականները պնդում են, որ վերը նկարագրված ռեակցիան սթրեսի արդյունք է, որի աղբյուրն օդանավակայում ցանկացած պահի կարելի է գտնել՝ լինի դա հերթ, թռիչքի ուշացում կամ երկարատեւ սպասում: Իսկ լացը սթրեսի ռեակցիաներից մեկն է համարվում: Թեեւ, որպես կանոն, մարդիկ սթրեսը հաղթահարելուց հետո են լաց լինում: Ամենադժվար պահերին սիմպատիկ նյարդային համակարգը արտակարգ իրադրությունների համար նախատեսված «պայքարի կամ փախուստի» ռեժիմը միացնելու ծրագրավորում ունի: Իսկ երբ լարվածության անկում է զգացվում, թուլացման համար պատասխանատու պարասիմպատիկ նյարդային համակարգն է ակտիվանում: Հենց վերջինս էլ կարող է արցունքների առաջացում հրահրել: Նկարագրված ռեակցիան, ինքնաթիռում գտնվելու արդյունքում գլուխ բարձրացրած հոգեբանական էֆեկտի արդյունքում, կարող է առավել խորը դրսեւորումներով ի հայտ գալ:

Ավիաթռիչքի ընթացքում անվտանգության զգացման կորստի եւ ծանոթներից մեկուսացման արդյունքում ցանկացած մարդ կարող է տարբերակվող վարք դրսեւորել: 2000թ.-ին Տիլբուրգի համալսարանականները պարզել էին, որ ինքնաթիռում գտնվող չափահաս մարդկանց պարագայում հաճախակի արտասվելու գլխավոր պատճառը հենց անզորությունը կարող է լինել: Բացի այդ, ֆիլմեր դիտելիս ուղեւորները, ականջակալների եւ փոքր էկրանի պատճատով, սեփական ներաշխարհն ընկղմվելու հնարավորություն են ստանում, ինչն էլ կարող է նրանց առավել էմոցիոնալ դարձնել: