Շոգ եղանակին երեխաները պետք է հնարավորինս թեթեւ հագնվեն՝ չքրտնելու համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանն է հայտնել՝ ի պատասխան հարցի, թե ինչպես պետք է Հայաստանին հատուկ բնակլիմակայան պայմաններում, ամռան ամենաշոգ ամսվա՝ օգոստոսի ընթացքում երեխաները հագնվեն:
Նրա խոսքով, մանկահասակ երեխաները կարող են ընդամենը շապիկ եւ կիսաանդրավարտիք կրել՝ ձեռքերն ու ոտքերը պետք է մերկ լինեն, տնից դուրս գալիս էլ՝ անպայման գլխարկ կրեն:
Զբոսանքի համար առավոտյան մինչեւ ժամը 11-ը եւ երեկոյան ժամը 5-ից հետո ընկած ժամերն են խորհուրդ տրվում՝ ջերմային եւ արեւային հարվածից խուսափելու համար:
«Իսկ ամենաշոգ եղանակին երեխային կարելի է ընդհանրապես մերկ պահել՝ անգամ տակդիրը հանել, միայն թե՝ օդորակիչից, օդափոխիչից կամ միջանցիկ քամուց հեռու լինեն, քանի որ նման պայմաններում փոքրիկն անմիջապես կարող է հիվանդանալ», - զգուշացրել է մանկաբույժը:
Իսկ ինչ լոգանքին է վերաբերում, օրական 2-3 անգամը՝ 37 աստիճանի ջրով, նվազագույն պահանջն է: Ընդ որում, ջրի մեջ կարելի է ծովային աղեր ավելացնել՝ երեխայի առողջությունը կոփելու համար: Եվ, իհարկե, լոգանքից հետո փոքրիկին պետք է հեռու պահել միջանցիկ քամուց, եւս մեկ անգամ զգուշացրել է մանկաբույժը:






