Շոգ եղանակին երեխաները պետք է մեծ քանակությամբ հեղուկ ընդունեն, բայց եւ՝ սովորական ռեժիմով սնվեն: Թեեւ լավ կլինի, որ յուրաքանչյուր անգամ ավելի քիչ, բայց առավել հաճախ սնունդ ընդունեն, խորհուրդ է տալիս մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում մասնագետը մասնավորապես նշել է, որ ամռան տապին երեխայի սննդակարգի մեջ որեւ փոփոխություն մտցնելու անհրաժեշտություն չի առաջանում. այն կարող է շիլա, բանջարեղեն, միս եւ մրգեր պարունակել: Սակայն մրգերն ու բանջարեղենը բոլոր հիգիենիկ կանոններին համապատասխան պետք է մատուցվեն, մասնավորապես՝ այնքան լվացվեն՝ մինչեւ ջուրը լիարժեք թափանցիկ դառնա:
Իսկ ինչ խմելու ջրին է վերաբերում, ապա ծորակից հոսողի փոխարեն հարկ է շշալցված տարբերակին նախապատվությունը տալ: Պաղպաղակ երեք տարեկանից փոքր երեխաներին չի կարելի: «Մեր պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ երեխան հենց պաղպաղակ ուտելուց հետո է հիվանդանում: Հնարավոր է՝ զուգադիպություն լինի, միգուցե հիվանդությունն այլ հանգամանքներից է կախված, բայց, ամեն դեպքում, խորհուրդ ենք տալիս հրաժարվել պաղպաղակից», - նշել է բժիշկը:
Արուսյակ Խաչատրյանի խորհրդով, յուրաքանչյուր անգամ սնվելիս, շոգ եղանակին, երեխան պետք է մի փոքր ավելի քիչ սննդամթերք ընդունի եւ տարբերությունը ջրով լրացնի: «Առողջ երեխայի պարագայում հարկավոր է նրա կարիքներով եւ ցանկություններով կողմնորոշվել: Եթե մի փոքր քիչ է ուտում, ստիպելու անհրաժեշտություն չկա. եղանակային պայմաններից կախված՝ մարսողական ռեսուրսի սահմանափակում կարող է գործել: Պարզապես ջուր առաջարկեք՝ կերածը լավ մարսելու համար», - նշել է նա:
Մանկաբույժը հիշեցրել է, որ շոգ եղանակին երեխաների մոտ առաջին հերթին, բնականաբար, աղիքների հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս: «Ներկայումս վիրուսի երկու տեսակներ են առավել տարածված՝ ռոտավիրուսն ու էնտերովիրուսը, որոնք կարող են աղիքային համախտանիշ առաջացնել: Երեխաները մեծ ի մասամբ ոչ մաքուր մրգերից եւ ջրից են այդ հիվանդություններով վարակվում, ուստի եւ խորհուրդ է տրվում հիգիենիկ կանոնների մանրազննին պահպանություն նախաձեռնել: Բացի այդ, երեխաների ձեռքերն անընդհատ լվանալ է պետք, ոչ միայն սնվելուց առաջ, այլ նաեւ՝ յուրաքանչյուր գործողությունից՝ խաղից, փողոցում զբոսանքից հետո: Սնունդն էլ պետք է նորմալ ջերմաստիճանային պայմաններում պատրաստվի», - նշել է մասնագետը:






