Սննդի սահմանափակումը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար բակտերիալ վարակների դեմ պայքարում։ Սա են վկայում կանադացի հետազոտողները մկների վրա կատարած փորձերի արդյունքներից ելնելով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Pathogens ամսագրում։
Վարակիչ հիվանդությունները հաճախ ուղեկցվում են ախորժակի կորստով։ Սակայն պարզ չէ, թե պաշտպանում է արդյոք քաղցած մնալը վարակների դեմ պայքարում, թե, հակառակը, մեծացնում է դրանց ենթարկվելու վտանգը։
Նոր հետազոտությունում Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները ստիպել են մկներին քաղցած մնալ 48 ժամ Salmonella enterica մանրէով (սալմոնելոզի հիմնական հարուցիչներից մեկը) վարակվելուց առաջ եւ հետո։ Պարզվել է, որ սննդից զրկված մկների մոտ «կուշտ» մկների համեմատ էապես նվազել են վարակի ախտանշանները, մասնավորապես՝ գրեթե անհետացել են բորբոքումը եւ աղիների հյուսվածքների ախտահարումը։
Երբ քաղցած մնացած մկներին կերակրել են, պարզվել է, որ սալմոնելաների թիվը նրանց օրգանիզմում կտրուկ ավելացել է։ Նման արդյունքներ նկատվել են նաեւ Campylobacter jejuni մանրէներով փորձերի ժամանակ։
Հետաքրքիր է, որ գնոտոբիոտիկ (որոնք մեծացել են լիովին ստերիլ միջավայրում) մկների մոտ քաղցած մնալը ոչ մի կերպ չի ազդել սալմոնելաների տարածման վրա, ինչը կարող է վկայել այն մասին, որ դրա էֆեկտը բացատրվում է օրգանիզմի միկրոբիոմի վրա ազդեցությամբ։
Գիտնականների կարծիքով՝ իրենց հետազոտությունը ցույց է տալիս, որ բուժական քաղցը կամ կալորիական սննդի սահմանափակումը կարող է թույլ տալ պայքարել վարակիչ (հնարավոր է՝ նաեւ ոչ վարակիչ) աղիքային հիվանդությունների դեմ։






