Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատմության մեջ առաջին անգամ հաստատել է RTS, S/AS01 պատվաստանյութը մալարիայի դեմ` Աֆրիկայում երեխաների համար օգտագործման նպատակով:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, RTS, S/AS01 պատվաստանյութը, որը մշակվել է ավելի քան 30 տարի, գործում է մալարիայի ամենավտանգավոր հարուցիչի` Plasmodium falciparum մակաբույծի դեմ: Կլինիկական փորձարկումներ են անցկացվել Գանայում, Քենիայում եւ Մալավիում, որոնց մասնակցել է ավելի քան 800.000 երեխա:

Դեղամիջոցների արդյունավետությունը ցածր է (մոտ 30 տոկոս), այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումների արդյունքները գոհացրել են կազմակերպության մասնագետներին: Փորձագետների կարծիքով` պատվաստանյութը նվազեցնում է մալարիայից մահացությունը 30 տոկոսով, նույնիսկ` այն տարածքներում, որտեղ լայն տարածում են գտել հակամալարիային ցանցերը, իսկ դեղամիջոցները եւ ախտորոշումը հասանելի են երեխաների համար:

«Սա պատմական պահ է: Երկար սպասված մանկական մալարիայի դեմ պատվաստանյութը բեկում է գիտության, երեխաների առողջության եւ մալարիայի դեմ պայքարի համար»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով` RTS,S/AS01 պատվաստանյութի օգտագործումը, վտանգավոր հիվանդության դեմ պայքարի այլ միջոցների հետ մեկտեղ, «կարող է ամեն տարի տասնյակ հազարավոր կյանքեր փրկել»: