Մեխանիոթերապիան արագ մաքրում է վնասված հյուսվածքները նեյրոֆիլներից եւ դրանց կողմից արտազատվող բորբոքային ցիտոկիններից: Այն թույլ է տալիս արագացնել մկանային հյուսվածքի վերականգնման գործընթացը: Նման անսպասելի եզրակացության են հանգել Միացյալ Նահանգների գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Նախկինում Բրաունի եւ Հարվարդի համալսարանների հետազոտողները մկների վրա կատարված փորձերում արդեն ցույց էին տվել, որ մեխանիոթերապիան կրկնապատկում է մկանային հյուսվածքի վերականգնման արագությունը եւ նույնիսկ կանխում սպիերի առաջացումը:

Այդ օգտակար ազդեցության մեխանիզմը հասկանալու եւ այն առավելագույնի հասցնել թույլ տվող պարամետրերը որոշելու համար գիտնականները մեխանիոթերապիայի սարք են մշակել, որի միջոցով կարելի է հետեւել եւ վերահսկել մկնիկի վերջույթին կիրառվող ուժը:

Մկների վրա իրականացված առաջին փորձարկումները ցույց են տվել, որ սարքի կողմից ուժի կիրառումը թույլ է տվել մկաններին ձգվել 10-40 տոկոսով: 14-օրյա բուժումը ցույց է տվել, որ հյուսվածքներն ավելի լավ են բուժվում մեխանիոթերապիայի միջոցով, քան` առանց դրա, եւ որքան մեծ է ուժը, այնքան ավելի լավ: Այս մկաններն ունեին IIX տիպի հյուսվածքների ավելի բարձր մակարդակ, ինչը թույլ է տալիս ավելի մեծ ֆիզիկական ուժ արտադրել:

Հյուսվածքների բորբոքման հետ կապված նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ մերսված հյուսվածքներում նվազել է նեյտրոֆիլների` գրանուլոցիտների շարժման հետ կապված ցիտոկինների մակարդակը, որոնք կարեւոր դեր են խաղում բնածին իմունիտետի մեջ: Նեյտրոֆիլների պարունակությունը եւս ավելի ցածր էր. ֆլուորեսցենտային պիտակների վերլուծությունը ցույց է տվել, որ մեխանիոթերապիայի մերսումը «մաքրել է» հյուսվածքները դրանցից: