Նախկինում մասնագետները հավաստիացնում էին, որ երեխաները ոչ միայն ավելի հեշտ են տանում COVID-19-ը, այլեւ զգալիորեն ավելի հազվադեպ են վարակվում, քան մեծահասակները։ Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մինչեւ 4 տարեկան երեխան գրեթե նույնքան է ենթակա վարակվելու ռիսկին, որքան եւ մեծահասակը։ Արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, գիտնականների խումբն ԱՄՆ-ից դիտարկել է 1236 մարդու վարակման դեպքեր երեխա ունեցող 310 ընտանիքում, Նյու Յորք եւ Յութա նահանգներում։ Մասնագետները հայտնաբերել են, որ վարակման ռիսկը տնային տնտեսություններում, որտեղ կա մեկ կամ մի քանի հիվանդ, կազմում է 52 տոկոսից ոչ պակաս։

Երբ գիտնականները ուսումնասիրել են հիվանդացությունն ըստ տարիքայի խմբերի, պարզվել է, որ վարակման ցուցանիշները 1000 մարդու համար գրեթե նույնն են եղել բոլոր տարիքային խմբերում՝ 4 տարեկան երեխաներից մինչեւ տարեց մարդիկ։

Ընդ որում՝ COVID-19-ի ախտանշանները զգալիորեն տարբերվել են տարբեր տարիքների պացիենտների շրջանում։ Որքան ավելի փոքր էր վարակվածը, այնքան ավելի բարձր էր հավանականությունը, որ նա վարակն առանց ախտանշանի կանցկացնի։ Այսպես, մինչեւ 4 տարեկան երեխաների 52 տոկոսը հիվանդության ոչ մի նշան չի ունեցել, 5-11 տարեկանում առանց ախտանշանի հիվանդացածները կազմել են հիվանդության ընդհանուր թվի 50 տոկոսը, 12-17 տարեկանում՝ 45 տոկոսը, իսկ 18-ից բարձր տարիքում՝ 12 տոկոսը։