Ի՞նչ կարելի է անել մարզումների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս մասին օգտակար խորհուրդներ է տվել ֆիթնեսի եւ բոդիբիլդինգի ոլորտի մասնագետ, բ.գ.թ. Ելենա Ռյաբինկովան (Ռուսաստան).

Ինչպես նշում է AiF.ru-ն, շատ կարեւոր է չմոռանալ մարզվելուց առաջ նախավարժությունների անհրաժեշտության մասին, նախավարժություններն ապահովում են սրտանոթային եւ հենաշարժական համակարգերի պատրաստումը ֆիզիկական ակտիվության համար։ Ուստի անհրաժեշտ է նախավարժություններ անել, նույնիսկ եթե պարապմունքների ժամանակը սահմանափակ է։

Շաբաթական մարզումների օպտիմալ պլանը, ըստ մասնագետի, հետեւյալն է՝ 2 ուժային, 1 կարդիո եւ 1 մարզում ըստ ընտրության (յոգա, պարեր, բռնցքամարտ կամ ձգում): Կարեւոր է նաեւ անհատական առանձնահատկությունները հաշվի առնել, օրգանիզմը չծանրաբեռնել, այլ ժամանակի ընթացքում բարձրացնել վարժությունների ինտենսիվությունը:

Ցանկալի արդյունքի հասնելու համար շատ կարեւոր է, ըստ մասնագետի, օրվա ռեժիմի պահպանումը։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է ամեն օր նույն ժամերին հանգստանալ, սնվել եւ մարզվել: Այս դեպքում սննդակարգը պետք է կազմվի՝ հաշվի առնելով էներգիայի ծախսերը։

Մեկ այլ կարեւոր գործոն է առողջական վիճակին հետեւելը: Այսպես, մասնագետը խորհուրդ է տալիս ստուգել ոտնաթաթերի վիճակը եւ դրանից կախված «ճիշտ» կոշիկ ընտրել։ Բացի այդ, հիվանդության կամ ծանր հոգնածության դեպքում պետք չէ մարզումների գնալ։

Ոչ պակաս կարեւոր է, ըստ մասնագետի, քրոնիկ վարակների, օրինակ՝ կարիեսի եւ սինուսիտի ժամանակին բուժումը։ Դա կապված է այն բանի հետ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ արյան շրջանառության ավելացման հետեւանքով այս օջախներից տոքսիններն ընկնում են սրտի, երիկամների եւ հոդերի մեջ, ինչը ոչ միայն գերլարում է առաջացնում, այլեւ լուրջ հիվանդությունների զարգացում: