Առողջ ապրելակերպը տարվա ցուրտ եղանակին կարող է նպաստել իմունիտետին: Բայց կոնկրետ ի՞նչ է պետք անել դրա համար: Այս մասին իրենց կարծիքն են հայտնել ամերիկացի սննդաբանները։

«Հավասարակշռված սննդակարգը՝ չափավորության եւ բազմազանության շեշտադրմամբ, հաջողության բանալին է: Սննդակարգում մրգերի, բանջարեղենի, ամբողջահատիկների, օգտակար ճարպերի, խոտաբույսերի եւ համեմունքների ներառումը օրգանիզմն ապահովում է սննդանյութերով, որոնք անհրաժեշտ են բորբոքային պրոցեսների դեմ պայքարելու համար»,- ասել է սննդաբան Քրիստեն Կարլին:

Նրա խոսքով, խորհուրդ է տրվում սննդակարգում ավելի շատ մրգեր եւ բանջարեղեն ավելացնել, իսկ ուտեստներ պատրաստելիս ավելի շատ կանաչեղեն, բնական համեմունքներ եւ ցիտրուսային հյութեր օգտագործել՝ այս մթերքները կմեծացնեն ֆիտոքիմիական այն նյութերի խտությունը, որոնք օգնում են պայքարել բորբոքումների դեմ եւ միաժամանակ բարելավում են ուտեստի համը՝ առանց մեծ քանակությամբ աղ ավելացնելու։

Բժիշկ-սննդաբան Կիտ-Թոմաս Այոոբը խորհուրդ է տալիս կանոնավոր կերպով կանաչ թեյ խմել, քանի որ այն հարուստ է հակաօքսիդանտներով եւ կատեխիններով, որոնք ճնշում են մարմնի բջիջներ ներթափանցելու գրիպի եւ ՍՇՎՎ-ի վիրուսների ունակությունը:

Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ մի փոքր մուգ շոկոլադ (բաղադրության մեջ պետք է առնվազն 70% կակաոյի հատիկներ լինեն) ուտել, որը հակաբորբոքային ազդեցություն ունի ֆլավանոլների պարունակության շնորհիվ, որոնք դրական են ազդում արյունատար անոթների պատերի առաձգականության վրա եւ նպաստում են արյան շրջանառության նորմալացմանը։

Ըստ սննդաբան Էմի Գորինի, հունական ընկույզը նաեւ օգնում է բարձրացնել իմունիտետը: Ընկուզեղենը հարուստ է ճարպերով, վիտամիններով ու հանքանյութերով եւ պաշտպանում է նյարդային համակարգը գերլարվածությունից եւ բարելավում է արյան շրջանառությունը։

Մասնագետի խոսքով, իմունիտետը բարձրացնող մթերքների ցանկում կարելի է ավելացնել նաեւ սուրճը, քանի որ այն հարուստ է հակաօքսիդանտներով։ Սակայն մասնագետը խորհուրդ չի տալիս չափից դուրս տարվել այս ըմպելիքով՝ միայն դրա ողջամիտ քանակությամբ օգտագործելը օգտակար կլինի։

Սննդաբան Անժելա Հոուլին իր հերթին նշել է, որ քրքումին վառ գույն ու համ հաղորդող քրքումինը նույնպես հայտնի է օրգանիզմի վրա իր հակաբորբոքային ազդեցությամբ։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուտեստներ պատրաստելու համար իսկական հնդկական քրքում ձեռք բերել եւ փնտրել այնպիսին, որի մեջ հնարավորինս քիչ լրացուցիչ բաղադրիչներ լինեն:

Eat This, Not That! թերթի փորձագիտական խորհրդի անդամ Լորեն Մանաքերն իր հերթին խորհուրդ է տվել օգտակար մթերքների ցանկում նարնջի բնական հյութ ավելացնել։ Նրա խոսքով՝ նախաճաշին մեկ բաժակ թարմ քամած նարնջի հյութը կօգնի պայքարել օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ։