Մթերքները, որոնք օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը, կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ըստ իրենց գործողության մեխանիզմի։ Այս մասին հայտնել է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալյովան (Ռուսաստան)։
«Իզվեստիա»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ առաջին խմբում ընդգրկված են այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ բիոֆլավոնոիդներ՝ դրանք ունեն անոթալայնիչ ազդեցություն։ Մթերքների այս խմբում են նռան եւ նարնջի հյութերը, ինչպես նաեւ շոկոլադը եւ կակաոն։
Երկրորդ խմբում ազոտի բարձր պարունակությամբ մթերքներն են։ Այս խմբում են սովորական ճակնդեղը եւ դրա հյութը։
Մասնագետը նշել է նաեւ ձկան յուղը, որը մեծ քանակությամբ պարունակվում է յուղոտ ձկների մեջ, ինչպիսիք են ծովատառեխն ու սկումբրիան։ Միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ ձկան մեջ աղի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման։ Ուստի մասնագետը հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տվել միայն քիչ աղի ձուկ օգտագործել։
Նորմալ ճնշումը պահպանելու համար կարեւոր են նաեւ կալցիումով հարուստ մթերքները՝ կաթնային եւ կաթնաթթվային մթերքները, ինչպես նաեւ կանաչեղենն ու ընկուզեղենը: Պրոբիոտիկներով հարուստ ֆերմենտացված մթերքները նույնպես կարող են իջեցնել արյան ճնշումը: Դրանց թվում են թթու կաղամբը, կիմչին, մածունը, կեֆիրը, պանիրը, միսոն եւ թեյի սունկը:
Բժիշկը հիշեցրել է նաեւ մագնեզիումի օգտակարության մասին։ Նրա խոսքով՝ մագնեզիումով հարուստ մթերքների խմբում են ամբողջահատիկները, կանաչ տերեւավոր բանջարեղենը, ընկուզեղենը եւ ընդեղենը:






