Ձուկն օգտակար մթերք է համարվում, բայց միշտ չէ, որ անվտանգ է օրգանիզմի համար, հավաստիացնում է էնդոկրինոլոգ, սննդաբան Օքսանա Միխալեւան (Ռուսաստան)։
Ինչպես տեղեկացնում է«Պրայմ»-ը, ձկան որոշ ուտելի տեսակներ կարող են վտանգավոր լինել մեթիլսնդիկի՝ սնդիկի օրգանական ձեւի պարունակության պատճառով։ Ձուկը կուտակում է այդ տարրը, քանի որ ջրիմուռներ է ուտում, որոնցում այն պարունակվում է։ Որքան ավելի երկար է ապրում ձուկը, այնքան ավելի վտանգավոր է մարդու համար, քանի որ նրա մարմնում կուտակվում է մեծ քանակությամբ մեթիլսնդիկ։
Մեթիլսնդիկի մեծ քանակություն են պարունակում շնաձկները, թրաձուկը, մեծաչք թյունոսը, մարլինը եւ արքայական թյունիկը։
Մեթիլսնդիկի չափավոր քանակություն են պարունակում դեղնաթեփուկավոր եւ երկար թեփուկավոր թյունոսը, ձողաձուկը, կարպը, սիբասը, դորադոն, ծովային իշխանը եւ գետի պերկեսը։ Խորհուրդ է տրվում դրանք շաբաթը մեկ անգամից ավելի չօգտագործել։
Իսկ «ամենաանվտանգ» ձկնատեսակներն են, ըստ մասնագետի, կամբալան, սաղմոնը, գետի իշխանը, ծովային պերկեսը, ծովատառեխը, անչոուսները։ Դրանք կարելի է ուտել շաբաթը 2-3 անգամ։
Ինչպես նշել է մասնագետը, աճեցրած ձուկն այնքան էլ վտանգավոր չէ, բայց բանն այն է, որ այդ ձուկը շատ օգտակար էլ չէ դրանում վիտամինների եւ չհագեցած ճարպաթթուների ցածր պարունակության պատճառով։ Օրինակ, աճեցված սաղմոնի մեջ, վայրի ձկնատեսակի համեմատ, 10 անգամ ավելի քիչ է Д վիտամինի պարունակությունը։ Դա վերաբերում է նաեւ օմեգա-3 ճարպաթթուներին։






