Մարդիկ, ովքեր դիետաների պահանջող աղեստամոքսային սուր հիվանդություններ չունեն, կարող են ամեն օր ապուրներ ուտել։ Նման կարծիք է հայտնել գաստրոէնտերոլոգ Նատալյա Շուստովան (Ռուսաստան)։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բանջարեղենի եւ ձավարեղենով, մսի կամ ձկան արգանակներով պատրաստված ավանդական ապուրը կարող է հակացուցված լինել աղեստամոքսային տրակտի սուր հիվանդությունների դեպքում։ Եթե մարդու մոտ գաստրիտ, պանկրեատիտ կամ պեպտիկ խոց է ախտորոշվում, ապա ապուրները պետք է բացառել սննդակարգից:
«Այդպիսի ուտեստները խթանում են աղաթթվի արտադրությունը։ Աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների դեպքում այն, հակառակը, պետք է կրճատել։ Դա թույլ է տալիս չսրել բորբոքումը: Այդ դեպքում ավելի լավ է ավանդական ապուրները փոխարինել առանց նախնական տապակման պատրաստված բանջարեղենով։ Այդպիսի ուտեստները դիետիկ են համարվում, քանի որ հարուստ են բջջանյութով։ Դրանք կարող են որպես առողջ սննդընդունում առաջարկվել քաշի կորստի կամ բուժման ընթացքում: Բանջարեղենային ապուրի սննդային արժեքը բարձրացնելու համար կարելի է դրանում լոբազգիներ ավելացնել»,- ասել է գաստրոէնտերոլոգը։
Եթե դուք միս եք եփում ապուրի համար, ապա մասնագետը խորհուրդ է տալիս դատարկել առաջին արգանակը։ Դա կօգնի ճաշատեսակն ավելի քիչ յուղոտ դարձնել եւ մսից վերացնել արգանակի մեջ ներթափանցած հակաբիոտիկների պարունակությունը։






