Սննդաբան Նատալյա Դենիսովան (Ռուսաստան) նախաճաշն օրվա ամենակարեւոր սննդընդունումն է համարում։ Իսկ նիհարողների համար լավագույն նախաճաշը նա համարում է վարսակի շիլան։ Pravda.ru-ի փոխանցմամբ՝ սննդաբանը խորհուրդ է տալիս նախաճաշել արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում՝ քնից հետո նյութափոխանակությունը «գործարկելու համար»։

«Որպես կանոն, մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, երեկոյան շատ են ուտում։ Իսկ քնելուց առաջ կալորիաների ավելցուկը ճարպային հյուսվածքի ավելցուկի է վերածվում»,- ասել է նա։

Ըստ Դենիսովայի՝ ճիշտ սննդակարգը օրգանիզմում սննդանյութերի կոնցենտրացիան ճիշտ մակարդակի վրա է պահում, հատկապես՝ էներգիայի հիմնական աղբյուր հանդիսացող գլյուկոզը։

Սննդաբանի խոսքով՝ պետք է ձգտել նրան, որպեսզի նախաճաշը կազմի օրվա ընթացքում սննդից ստացվող կալորիաների 25 տոկոսը։ Կարեւոր է նաեւ, որպեսզի նախաճաշը բալանսավորված լինի։ Նախաճաշի լավագույն տարբերակը, նրա կարծիքով, շիլաներն է։ Նա խորհուրդ է տալիս դրանք պատրաստել չկեղեւավորված հացահատիկներից, որոնք հարուստ են սննդային մանրաթելերով, ինչպիսիք են հնդկաձավարը, կորեկը, վարսակը կամ գարին:

Սննդաբանի խոսքով՝ վատ մաքրված ձավարեղենը մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, վիտամիններ եւ հանքանյութեր է պարունակում։

«Սա կատարյալ նախաճաշ է, որն արժե լրացնել սպիտակուցով: Կաթն ու հացահատիկը հիանալի համադրություն է ամինաթթուների բաղադրության առումով»,- նշել է Դենիսովան։ Նա նաեւ խորհուրդ է տալիս շիլայի մեջ առողջարար ճարպեր ավելացնել՝ կարագի կամ բուսական յուղի տեսքով։