Որոշ մթերքներ կարող են օգնել նիհարել եւ ավելացնել մկանային զանգվածը, ինչպես կարծում է կարդիոմետաբոլիտիկ հիվանդությունների մասնագետ Գրետհեն Ցիմերմանը: ETNT-ի համար հոդվածում նա նշել է 8 այդպիսի մթերքներ:
Նիհարող մարդկանց համար, որոնք երազում են պահպանել մկանային զանգվածը, մասնագետը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել մթերքների ընտրության հարցում։ Ցանկալի է օրը սկսել ձվածեղից կամ ավոկադոյի տոստից կամ խաշած ձվից։ Ձուն պարունակում է սպիտակուց, խոլին կոչվող սննդանյութ, ինչպես նաեւ D, A, E եւ K վիտամիններ, կալցիում, երկաթ, պղինձ, մանգան, ֆոսֆոր, սելեն եւ ցինկ: Ըստ մասնագետի՝ այս մթերքը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն մկանների, այլ ամբողջ օրգանիզմի վրա։
Օգտակար մթերքների թվին մասնագետը դասում է նաեւ հնդկական ընկույզն ու լոբին։ Հնդկական ընկույզը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն օգնում է կարգավորել ածխաջրերի եւ ճարպերի ընդունումը: Ինչ վերաբերում է լոբուն, այն պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուց եւ բջջանյութ, ինչպես նաեւ նպաստում է գոտկատեղի հատվածում ճարպային զանգվածի ակտիվ նվազմանը։
Ավելորդ քաշի դեմ պայքարում հաջորդ կարեւոր զենքը մասնագետը համարում է հատապտուղները։
Հատապտուղները ցածր կալորիանություն ունեն, դրանցում մեծ քանակությամբ բջջանյութ եւ հակաօքսիդանտներ կան: Եվ չնայած գլյուկոզայի պարունակությանը, դրանք արյան մեջ շաքարի մակարդակը չեն բարձրացնում։ Բավարար քանակությամբ բջջանյութի շնորհիվ հատապտուղները կօգնեն բարելավել մարսողական համակարգի աշխատանքը, կազատեն փքվածությունից ու փորկապությունից»,- ասել է բժիշկը։
Սաղմոնը, որը «օմեգա-3» ճարպաթթուներ եւ այլ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում, ըստ բժշկի, բարեկազմության եւ գեղեցկության իսկական աղբյուր է։ Համը եւ սննդարար նյութերը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տալիս սաղմոնը պատրաստել փոքր քանակությամբ ձիթայուղի, կանաչեղենի, կիտրոնի եւ սխտորի ավելացմամբ։
Առանց հավելումների հունական յոգուրտը, քինոան եւ կաթնաշոռը, ըստ մասնագետի, նույնպես կօգնեն չկորցնել մկանները։ Այս մթերքները հիանալի հագեցնում են, նորմալացնում կենսական կարեւոր օրգանների աշխատանքը եւ ազատում ավելորդ կիլոգրամներից։






