ԱՄՆ-ում գործող Թաֆթսի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ անառողջ սնունդ ընդունելու սովորությունը հեշտությամբ կարելի է փոխել: Հետազոտության շրջանակում նախաձեռնված փորձարկմանը հավելյալ քաշ ունեցող կամ ճարպակալմամբ տառապող 13 տղամարդ եւ կին են մասնակցել, որոնցից 5-ը առաջվա նման են սնվել, իսկ մնացյալ 8-ը՝ բջջանյութի եւ սպիտակուցների բարձր, իսկ ածխաջրատների՝ ցածր բաղադրությամբ սննդակարգի  հետեւել: BBC-ի հաղորդմամբ, փորձարարական խմբի անդամներին առաջարկված սննդակարգը հատուկ՝ քաշի կորստին միտված ծրագրի շրջանակում է մշակվել՝ սպառողների մոտ քաղցի զգացողության առաջացումը եւ, ինչպես նման իրավիճակներին է հատուկ, անառողջ սննդի նկատմամբ գայթակղությունը բացառելու նպատակով:

Փորձարկման մեկնարկին եւ ավարտին կամավորները մագնիսառեզոնանսային պատկերման են ենթարկվել, ինչի արդյունքում պարզվել է, որ 6 ամիս շարունակ առողջ սննդակարգով առաջնորդված մասնակիցների ուղեղի՝ բավականության զգացման համար պատասխանատու կենտրոններում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել: Օրգանի ուսումնասիրության ընթացքում կամավորներին սննդամթերքի տարբեր տեսակների պատկերներ են ցուցադրվել: Գիտնականները, մասնավորապես, հավաստիացել են, որ քաշի նվազեցման ծրագրին մասնակցած կամավորների մոտ, ցածր կալորիականությամբ սննդամթերքի ազդեցությամբ, բավականության զգացման համար պատասխանատու կենտրոնների ակտիվություն, իսկ անառողջ սննդի ազդեցությամբ՝ առավել թույլ զգայունություն է խթանվում: Ասել է, թե՝ այդ մասնակիցները սկսել են բավականություն ստանալ առողջ սննդակարգից: