Տասնամյակներ շարունակ սրտաբաններն ու դիետոլոգներն այն համոզմունքն ունեին, որ միջերկրական դիետան աշխարհում լավագույնը կոչվելու բոլոր տվյալներն ունի: Բոլորը պնդում էին, թե հենց այդ սննդակարգն է կյանքի ամենաերկար տեւողությունն ապահովում եւ մարդուն տարատեսակ հիվանդություններին պաշտպանում: Ուստի ձիթապտղի յուղով, բանջարեղենով, մրգերով ու ծովամթերքով հարուստ սննդային ռեժիմը ամենաօրինակելին էր համարվում:

Սակայն դանիացի գիտնականներին հաջողվել է թե քաշի կարգավորման, եւ թե սրտանոթային հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի տեսանկյունից լավագույն եւ անհամեմատ առավել արդյունավետ սննդակարգը գտնել: Նրանց բացահայտմամբ, սկանդինավյան խոհանոցը, որ գլխավորապես վայրի հատապտուղներ, ձկնատեսակներ եւ տարատեսակ կանաչեղեն է ներառում, կարող է մարդու օրգանիզմի վրա ամենաբարենպաստ ազդեցությունը ապահովել: Սկանդինավյան սննդակարգը, մասնավորապես, մրգերով, բանջարեղենով (հատկապես՝ հատապտուղներով, կաղամբով, արմատապտուղներով եւ լոբազգիներով), կարտոֆիլով, պանրով, յուղազերծ կաթով, թարմ կանաչեղենով, սնկերով, ընդեղենով, ընտանի եւ վայրի թռչունների մսով, ձկնատեսակներով եւ ծովային ջրիմուռներով է հարուստ:

Ընդ որում, սկանդինավցիները նվազագույն քանակով կարմիր միս են օգտագործում, ինչը սննդակարգի մեջ ճարպերի ցածր բաղադրության գլխավոր գործոնն է համարվում:

Դանիացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը 181՝ ճարպակալմամբ տառապող տղամարդիկ եւ կանայք են մասնակցել, որոնց հաջողվել է, սկանդինավյան դիետայի օգնությամբ, ի տարբերություն ավանդական սննդակարգերով առաջանորդվողների, երեք անգամ շատ քաշ կորցնել: Բացի այդ, կամավորների մոտ արյան ճնշման նշանակալի կարգավորում է նկատվել: