Ամեն տարի շուրջ 800 000 մարդ ինքնասպանության զոհ է դառնում: Ստեղծված դեղամիջոցներն ու բուժական այլ մեթոդները միշտ չէ, որ օգնում են ինքնասպանության կանխարգելման հարցում: Մի կողմից խնդիրն այն է, որ հիվանդը չի ցանկանում կիսվել իրեն տանջող ծանր մտքերով ինչպես բուժաշխատողների, այնպես էլ մտերիմների հետ: Այդ իսկ պատճառով գիտնականներն ամբողջ աշխարհում մեթոդներ են մշակում, որոնք կարող են օգնել՝ պարզելու ընկճված վիճակում գտնվող եւ ինքնասպանության հակված մարդկանց օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները, նախքան այն պահը, երբ մարդ կյանքից հեռանալու որոշում կկայացնի, գրում է Медицина и наука պարբերականը:

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների իրականացրած արյան հետազոտությունն օգնել է բացահայտել ինքնասպանությանը բնորոշ բիոմարկերները: Ինքնասպանությամբ կյանքին վերջ տված անձանց արյան եւ գլխուղեղի փորձանմուշներից ստացված տվյալների համեմատական հետազոտության արդյունքում գիտնականներին հաջողվել է բացահայտել գեների էքսպրեսիայի մի շարք փոփոխություններ, որոնք տեղի են ունենում սթրեսին արձագանքելիս: Առաջին հերթին գիտնականները նշել են պոլիամինների նյութափոխանակության եւ իմունային խանգարումների փոփոխությունները:

Այնուհետեւ գիտնականները համեմատել են ինքնասպանություն գործած մարդկանց հետազոտության տվյալներն այն անձանց տվյալների հետ, որոնք ինքնասպանությամբ չեն հեռացել կյանքից:

Մասնագետների կարծիքով՝ նոր հայտնաբերված բիոմարկերները կարող են նպաստել արյան հետազոտության նոր մեթոդ մշակելուն, որը կօգնի բացահայտել կյանքին վերջ տալու ցանկություն ունեցողներին: