Ստերոիդների եւ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի, ինչպիսին է իբուպրոֆենը, սիստեմատիկ օգտագործումը մեջքի սուր ցավի բուժման համար կարող է իրականում այն քրոնիկական ցավի վերածել, զգուշացնում է նոր հետազոտությունը:
Սակայն որոշ փորձագետներ, ովքեր մտահոգություն են հայտնել հետազոտության կապակությամբ, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում, նշել են, որ այն կլինիկական փորձարկում չէր, որը բժշկական հետազոտությունների ոսկե ստանդարտ է, հայտնում է The New York Times-ը։
Եզրակացությունները, որոնք արվել են Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանի թիմի կողմից, հիմնված են հիվանդների դիտարկումների, հիվանդների մեծ տվյալների բազայի վերլուծության եւ կենդանիների ուսումնասիրությունների վրա:
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի՝ մեջքի ցավը ցավի ամենատարածված տեսակն է:
Ինչպես The New York Times-ին ասել է դոկտոր Բրյուս Վռումանը, ով ցավի մասնագետ է Նյու Հեմփշիրի Դարտմութ Հիչքոք բժշկական կենտրոնում, հետազոտությունը «տպավորում է իր ծավալով»՝ հավելելով, որ եթե արդյունքները հաստատվեն կլինիկական փորձարկումներում, այն կարող է «մեզ ստիպել վերանայել» մոտեցումը սուր ցավի բուժմանը:
Այս հետազոտությունն իրենից «պարադիգմային փոփոխություն» է ներկայացնում,- կարծում է Դյուկի համալսարանի ռեգեներատիվ ցավի կառավարման ծրագրի տնօրեն, դոկտոր Թոմաս Բուխհայթը:
«Կա չգրված կանոն. եթե ցավում է, ապա հակաբորբոքային դեղամիջոց ընդունեք, իսկ եթե շարունակում է ցավալ, ստերոիդ ընդունեք»,- ասել է նա։ Սակայն, ըստ մասնագետի, հետազոտությունը ցույց է տալիս, որ «պետք է մտածել բուժման, այլ ոչ թե բորբոքումը ճնշելու մասին»։
Ժամանակակից ուղեցույցները մեջքի ցավ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս սկսել վարժություններից, ֆիզիոթերապիայից, տաքությունից կամ մերսումից, որոնք կարող են նույնքան արդյունավետ լինել, որքան ցավազրկող դեղերը, բայց նույն կողմնակի ազդեցությունները չեն առաջացնում:
Եթե այդ մեթոդները չեն օգնում, հիվանդները կարող են ստերոիդներ եի ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ փորձել, օրինակ՝ իբուպրոֆեն, ասվում է ուղեցույցներում:






