Ի՞նչ անել, եթե ցանկանում եք ուտել քնելուց առաջ: Պե՞տք է արդյոք դիմանալ մինչեւ առավոտ, թե՞ ավելի լավ է քաղցը հագեցնել։ Ո՞րն է լավագույն միջանկյալ ուտելիքը։ Այս հարցերին «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում պատասխանել է Սննդի եւ կենսատեխնոլոգիայի դաշնային հետազոտական կենտրոնի սննդաբան Յուլյա Պանովան։
Առաջին հերթին մասնագետը խորհուրդ է տվել ընդհանրապես չուտել գիշերը, նույնիսկ եթե խոսքը ոչ մեծ քանակի ուտելիքի մասին է։
«Մեր կենսաբանական ռիթմերին համապատասխան՝ ընթրել խորհուրդ է տրվում մինչեւ 19։00-19։30-ը, երբ մարսողությունն ակտիվորեն աշխատում է։ Միեւնույն ժամանակ, քնելու պետք է գնալ ոչ ուշ, քան 23։00-ին»,- ասել է Պանովան:
Նրա խոսքով՝ այս ռեժիմը բարենպաստ է ազդում հորմոնալ համակարգի աշխատանքի, քնի որակի վրա։ Քնելուց անմիջապես առաջ ուտելու եւ ուշ քնելու դեպքում օրգանիզմը ստիպված է լինում շեղվել մարսողության պատճառով՝ հանգիստ մելատոնին արտադրելու, հանգստանալու եւ ռեսուրսները վերականգնելու փոխարեն:
Մասնագետի խոսքով՝ չդիմանալու դեպքում պետք է վերանայել սննդակարգն ու ռեժիմը։ Գիշերը ուտելու ցանկության ամենատարածված պատճառը սննդակարգում սպիտակուցի պակասն է, քանի որ սպիտակուցային սնունդը երկար ժամանակ հագեցվածության զգացում է առաջացնում։
Սննդաբանը խորհուրդ է տվել գիշերը հրաժարվել կոնֆետներից, խմորեղենից, այլ քաղցրավենիքներից, կծու ու աղի ուտելիքներից։
Եթե ընդհանրապես դիմանալ հնարավոր չէ, ապա խորհուրդ է տրվում կաթնաթթվային մթերքներ՝ մեկ բաժակ կեֆիր, ոչ քաղցր յոգուրտ, մեկ կամ երկու ճաշի գդալ կաթնաշոռ ուտել: Եթե մարսում եք կաթնամթերքը, ապա երբեմն խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ տաք կաթ՝ մեկ գդալ մեղրով կամ մի փոքր հալած կարագով։
Գիշերը կարելի է ջերմային մշակման ենթարկված բանջարեղեն (բացի կաղամբից, քանի որ այն կարող է մեծացնել աղիների շարժունակությունը) ուտել:
Միջանկյալ սննդի համար կարելի է օգտագործել մոտ 10-15 գրամ ընկուզեղեն։ Գիշերը մրգերից ավելի հարմար է ավոկադոն։ Այն պարունակում է առողջ ճարպեր եւ շատ ծանր չէ մարսողության համար։






