Տորոնտոյի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ լիալուսնին մարդիկ առավել քիչ ժամանակ են քնին հատկացնում, եւ, արդյունքում, ավելի կարճ ժամանակով խորը քուն մտնում: Եզրահանգման համար միջին տարիքի 300 մարդկանց շրջանում իրականացված դիտարկումներն են հիմք ծառայել:
Գիտնականների հավաստիացմամբ, խորը քունն անչափ կարեւոր է ուղեղի համար, քանի որ օրգանը միայն այդ ժամանակ է հանգստանալու եւ օրվա ընթացքում հավաքված տեղեկատվություները մշակելու հնարավորություն գտնում: Մինչդեռ, The Daily Mail-ի փոխանցմամբ, լիալուսնին մարդիկ երկու անգամ առավել երկար ժամանակ են վատնում՝ քուն մտնելու համար (մինչեւ մեկ ժամ): Կիսալուսնի դեպքում կանայք անկողնին մտնելուց հետո 25-30 րոպե անց են քուն մտնում, իսկ լիալուսնին՝ մեկ ժամ անց: Տղամարդկանց պարագայում հարաբերակցությունը 30 րոպե է՝ կրկին մեկ ժամի դիմաց: Ընդհանուր առմամբ պարզվել է, որ լուսինը կանանց վրա առավել մեծ ազդեցություն թողնելու հատկություն է դրսեւորում:
Լուսնային փուլերի ազդեցության մասին գիտնականները վաղուց են խոսում: 2006թ.-ին Բեռնի համալսարանականները պարզել են, որ լուսնի՝ անտեսանելի լինելու պարագայում կամավորները քնին 6 ժամ 49 րոպե են հատկացնում, իսկ երբ լուսինն իր ողջ շքեղությամբ է հանդես գալիս՝ 6 ժամ 41 րոպե: Քիչ չէ նաեւ այն հետազոտությունների թիվը, որոնց շրջանակում լիալուսնի եւ անհանգստության զգացման, դեպրեսիայի, միզապարկի հետ կապված խնդիրների եւ նույնիսկ հոդատապի միջեւ կապի առկայությունը բացահայտելու փորձեր են արվել:
Լուսնի ազդեցությունը տարատեսակ բացատրություններ է գտել: Խոսքը, մասնավորապես, լիալուսնով արտացոլվող արեգակնային ճառագայթմանը, մակընթացությունների ուժին, էլեկտրամագնիսական եւ նույնիսկ գրավիտացիոն բնույթի փոփոխություններին է վերաբերում, որոնք կարող են նյարդային հորմոնների արտազատման պատճառ դառնալ: Լաֆբորոյի համալսարանին կից գործող քնի հետազոտության կենտրոնի նախկին ղեկավար պրոֆեսոր Ջիմ Հորնի համոզմամբ, երեւույթի պատճառը հազարամյակների պատմություն ունեցող ադապտացիոն մեխանիզմն է. ժամանակակից մարդու նախնիները լիալուսնին ուշ քնելու սովորություն են ունեցել, քանի որ այն տեղատվություն եւ ծովամթերքի հասանելիություն էր ենթադրում:






