Ամերիկացի գիտնականները BioCryst ընկերության ջանքերով գրիպի դեմ մշակված նոր դեղամիջոցներից մեկի՝ պերամիվիրի փորձարկումներ են նախաձեռնել, որոնց առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքներն այլեւս հայտնի են: Ընկերության կողմից տարածված մամլո հաղորդագրության համաձայն, նորահայտ դեղամիջոցն ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը:

Փաստաթուղթը նաեւ տեղեկություն է պարունակում առ այն, որ գրիպի ախտանշանների դրսեւորումից հետո՝ 48 ժամվա ընթացքում փորձարկումներին իրենց մասնակցությունը բերած կամավորները դեղամիջոցի՝ 300 միլիգրամի չափով (մեկ չափաբաժին) ներմկանային ներարկում են ստացել:

Փորձարկման մասնակիցները ներարկում ստանալուց հետո՝ 14 օր շարունակ հիվանդության սիմպտոմատիկայի վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել հետազոտության հեղինակներին: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ կամավորների մոտ ախտանշանների տեւողության՝ 22 ժամի չափով կրճատում է նկատվում: Հիմնական խմբում ներառված մասնակիցների պարագայում դրանք 113,2 ժամ անց են անհետացել, իսկ պլացեբո-խմբի մասնակիցների մոտ՝ 134,8 ժամ անց: Բացի այդ, պերամիվիրը ներարկումից հետո՝ արդեն իսկ առաջին երկու օրերի ընթացքում վիրուսի՝ վարակված օրգանիզմից տարածման մակարդակը նշանակալիորեն նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Վերոհիշյալ տեղեկությունները BioCryst ընկերության պաշտոնական կայքում են հրապարակվել:

Հարկ է նշել, որ պերամիվիրն արդեն իսկ գործածության մեջ է Ճապոնիայում եւ 2010թ.-ից ի վեր՝ Հարավային Կորեայում:  BioCryst ընկերությունն իր արտադրանքը նաեւ Միացյալ Նահանգներում գրանցելու նպատակով դեռեւս 2013թ.-ին է համապատասխան հայցով հանդես եկել: Երկրի սննդամթերքի եւ դեղամիջոցները վարչության կողմից հաստատման պարագայում այն կարող է Միացյալ Նահանգներում՝ գրիպի դեմ բուժման համար մեկ չափաքանակով կիրառման ենթակա առաջին դեղամիջոցը դառնալ:

ԱՄՆ-ում գրիպի համաճարակը տարեկան 36 հազար մարդկանց մահվան եւ շուրջ 200 հազար հոսպիտալացման դեպքերի պատճառ է դառնում: