Նոր հետազոտությունը, որն իրականացրել է Քարնեգի-Մելոն համալսարանը, ցույց է տվել, որ դեռահաս եւ երիտասարդ տարիքում ալկոհոլի օգտագործումը միայնության մեջ զգալիորեն բարձրացնում է ալկոհոլից կախվածության վտանգն ավելի ուշ տարիքում։ Այդ վտանգը հատկապես բարձր է կանանց համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Drug and Alcohol Dependence ամսագրի հուլիսյան համարում։
Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը համաշխարհային խնդիր է, որն ամեն տարի հանգեցնում է 3 միլիոն մահերի ամբողջ աշխարհում։ Հետազոտության հեղինակ Քեյսի Քրեսվելի կարծիքով՝ խմելու սոցիալական համատեքստը կարեւորագույնն է, բայց այն հաճախ անտեսվում է՝ որպես ալկոհոլի հետագա չարաշահման ցուցիչ։
Միչիգանի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են «Ապագայի մոնիթորինգ» հետազոտության տվյալները՝ թմրանյութերի եւ ալկոհոլի օգտագործման համաճարակաբանական հետազոտություն ամերիկացի երիտասարդների շրջանում։ Այն շարունակվել է նաեւ այն ժամանակ, երբ այդ երիտասարդները հասել են հասուն տարիքի։ 18 տարեկան մոտ 4 500 դեռահասներ պատասխանել են հարցաթերթիկին։ Նրանց հարցրել էին ալկոհոլի օգտագործման առանձնահատկությունների եւ այն մասին, թե արդյոք ալկոհոլ օգտագործել են միայնության մեջ։ Այնուհետեւ այդ մասնակիցներին հետեւել են 17 տարի՝ տեղեկություն տրամադրելով ալկոհոլի օգտագործման եւ միայնության մեջ ալկոհոլ օգտագործելու մասին երիտասարդ տարիքում (23/24 տարեկան) եւ տեղեկացնելով հասուն տարիքում (35 տարեկան) ալկոհոլային կախվածության մասին։
Արդյունքները ցույց են տվել, որ դեռահասները եւ հասուն մարդիկ, որոնք տեղեկացրել էին, որ խմել են միայնության մեջ, ենթարկվել են ալկոհոլից կախվածության ավելի բարձ ռիսկի իրենց հասակակիցների համեմատ, որոնք խմել են միայն սոցիալական իրադրությունում։ Հայտնաբերվել է նաեւ, որ ալկոհոլային կախվածության առաջացման հավանականությունը 35 տարեկանում 35 տոկոսով ավելի բարձր է եղել այն դեռահասների շրջանում, որոնք մենակ են խմել, եւ 60 տոկոսով ավելի հասուն տարիքում՝ նրանց համեմատ, ովքեր խմել են հասարակության մեջ։ Դեռահաս կանայք, որոնք խմել են միայնության մեջ, հասուն տարիքում ենթարկվել են ալկոհոլից կախվածության ավելի մեծ ռիսկի։






