Cedars-Sinai ուռուցքաբանության կենտրոնի եւ Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ հետազոտողները հայտնաբերել են նոր եռաստիճան բուժում, որը ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի միկրոմիջավայրը լաբորատոր մկների մոտ:
Նախակլինիկական հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Gastroenterology ամսագրում, նվիրված է երեք դեղամիջոցների, որոնք կանխում են քաղցկեղի մետաստազավորումը, հիվանդության տարածումը մարմնի այլ մասերում: Նախակլինիկական հետազոտությունը նաեւ առաջինն է, որը ցույց է տալիս սիներգետիկ ազդեցությունն ինչպես բջջի ներսում, այնպես էլ բջիջներից դուրս գտնվող ուռուցքային միկրոմիջավայրի վրա:
«Այս երեք դեղամիջոցները, որոնք օգտագործվում էին լաբորատոր պայմաններում միասին, կանխում են հիվանդության մետաստազավորումը»,- ասում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասնագիտական կլինիկայի եւ Cedars-Sinai ուռուցքաբանության կենտրոնի Precision Medicine ծրագրի ղեկավար, հետազոտության ավագ հեղինակ Արսեն Օսիպովը:
Ենթաստամոքսային գեղձի ծորանային ադենոկարկինոմայի ուռուցքային միկրոմիջավայրը, որը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ամենատարածված ձեւն է, երկար ժամանակ դիմացկուն է եղել թերապեւտիկ միջոցների, ներառյալ իմունոթերապիայի նկատմամբ:
Ենթաստամոքսային գեղձի ուռուցքները, որպես կանոն, հակված են լինել ագրեսիվ եւ հաճախ դառնում են դիմացկուն ավանդական բուժման հանդեպ, ինչպիսին է քիմիաթերապիան: Չնայած իմունոթերապիան հաջող է եղել քաղցկեղի շատ այլ ձեւերի դեպքում, ինչպիսիք են մելանոման եւ թոքերի քաղցկեղը, դրա արդյունավետությունը սահմանափակվել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում:
Հիվանդության բուժման այս դժվարությունները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը դարձրել են քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկը, երբ հինգ տարվա գոյատեւման ցուցանիշը ընդամենը 11 տոկոս է կազմում։
Ենթադրվում է, որ 2022 թվականին ավելի քան 62 000 ամերիկացիների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ կախտորոշվի, իսկ մինչեւ 2030 թվականը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կդառնա ԱՄՆ-ում քաղցկեղից մահացության երկրորդ հիմնական պատճառը:






