Fusobacterium nucleatum (F. nucleatum)-ը կամ Պլաուտի ցուպիկը բերանի խոռոչի բակտերիաների տարածված տեսակ է, որը բազմանում է պարոդոնտալ հիվանդությունների ժամանակ: Այն ախտահարում է լնդերը եւ ծնոտային ոսկորը եւ չբուժվելու դեպքում հանգեցնում է ատամների կորստի: Վերջին տարիներին F. nucleatum-ը կապում են տարբեր հիվանդությունների հետ՝ սկսած հաստ աղիքի քաղցկեղից մինչեւ վաղաժամ ծննդաբերություն:

Նոր հետազոտությունը, որի արդյունքները Թաֆթսի համալսարանի գիտնականների եւ նրանց գործընկերների կողմից հրապարակվել են Frontiers in Aging Neuroscience ամսագրում, ենթադրում է կապ F. nucleatum-ի եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ:

«Այս ուսումնասիրության ընթացքում մեր լաբորատորիան առաջին անգամ հայտնաբերեց, որ Fusobacterium nucleatum-ը կարող է առաջացնել համակարգային բորբոքում եւ նույնիսկ ներթափանցել նյարդային համակարգի հյուսվածքներ ու խորացնել Ալցհեյմերի հիվանդության նշաններն ու ախտանիշները»,- ասել են հետազոտողները:

Գիտնականները պարզել են, որ F. nucleatum-ը կարող է առաջացնել նաեւ ծանր գեներացված բորբոքում, որը շատ քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտի եւ Ալցհեյմերի հիվանդության ախտանիշ է:

Հետազոտողները կարծում են, որ F. nucleatum-ի վրա ազդելով կարող են դանդաղեցնել առնվազն երկու համաճարակի տարածումն ու առաջընթացը՝ պարոդոնտիտը, որով տառապում է 30 տարեկանից բարձր ամերիկացիների 47 տոկոսը, եւ Ալցհեյմերի հիվանդությունը, որով ներկայումս տառապում են 6,5 միլիոն ամերիկացիներ, իսկ մինչեւ 2060 թվականը ենթադրվում է, որ այդ թիվը կհասնի մինչեւ 14 միլիոնի։