Աղիքների որոշակի խանգարումներ ունեցող մարդիկ կարող են Ալցհեյմերի հիվանդության զարգացման ավելի մեծ վտանգի ենթարկված լինել, ասվում է նոր հետազոտության մեջ, որը, ըստ գիտնականների, հաստատում է գենետիկական կապը երկու հիվանդությունների միջեւ:

Արեւմտյան Ավստրալիայի Էդիթ Քոուանի համալսարանի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology ամսագրում։

Իրենց հոդվածում գիտնականները հայտաարարել են, որ գտել են «դրական նշանակալի գենետիկական համընկնումը եւ հարաբերակցությունն» Ալցհեյմերի հիվանդության եւ գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս հիվանդության, պեպտիկ խոցի, գաստրիտի, տասներկումատնյա աղիքի բորբոքման, գրգռված աղիքի համախտանիշի եւ դիվերտիկուլյոզի միջեւ, բայց՝ ոչ աղիքային բորբոքային հիվանդության:

Հետազոտության մեջ ասվում է, որ խոլեստերինի անոմալ մակարդակը վտանգ է ներկայացնում ինչպես Ալցհեյմերի հիվանդության, այնպես էլ աղիքների հիվանդության համար: Հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ խոլեստերինն իջեցնող դեղամիջոցները, որոնք հայտնի են որպես ստատիններ, օգնելով նվազեցնել բորբոքումն ու պաշտպանել աղիքները, կարող են օգտակար լինել Ալցհեյմերի հիվանդության՝ դեմենցիայի ամենատարածված ձեւի եւ աղեստամոքսային խանգարումների բուժման համար:

Սակայն հետագա հետազոտություններ են անհրաժեշտ՝ ստատինի նման օգտագործման հնարավոր առավելությունները պարզելու համար, նշել են գիտնականները: Նրանք նաեւ նշել են, որ սննդակարգը կարող է դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության եւ աղիների խանգարումների բուժման եւ կանխարգելման գործում: