Էնդոկրինոլոգ Նատալյա Լիբերանսկայան թվարկել է ամենատարածված խնդիրները, որոնք կարող են առաջանալ քիչ ակտիվ ապրելակերպի պատճառով, հայտնում է «МедикФорум»-ը։

Նստակյաց կենսակերպն այսօր բնորոշ է շատերին, նույնիսկ երիտասարդ սերնդին: Գրասենյակում բազմաթիվ ժամերի աշխատանքը, խցանումների մեջ կանգնելը, տանը հեռուստացույցն ու գաջեթները՝ ավա՜ղ, ի վերջո սրանք մեզ վրա շատ թանկ են նստում։

«Այս կենսակերպի ռիսկերից մեկը քաշի ավելացումն է: Շարժումը ստիպում է մարմնի հյուսվածքներին արտադրել լիպոպրոտեինլիպազա ֆերմենտը, որը վերահսկում է արյան մեջ լիպիդների քանակը եւ օգնում վերամշակել սննդի հետ կլանվող ճարպերն ու շաքարները»,- ասում է փորձագետը։

Նստակյաց կենսակերպը չի նպաստում ճարպերի այրման գործընթացներին, արդյունքում փոփոխվում է քաշն ու կազմվածքը, առաջանում է մետաբոլիկ համախտանիշ։

Մեկ այլ լուրջ խնդիր է կյանքի տեւողության կրճատումը։ Մարդիկ, որոնք քիչ են շարժվում, ավելի շուտ են մահանում: ԱՀԿ-ի տվյալներով՝ 6-7 տոկոս դեպքերում մահացության պատճառը նստակյաց կենսակերպն է։

Մարդիկ, որոնք քիչ են շարժվում, ունեն շաքարախտի եւ սրտի հիվանդությունների զարգացման բարձր ռիսկ: Այն նաեւ պարարտ հող է քրոնիկ հիվանդությունների առաջացման համար։

Հաճախ քիչ շարժվող մարդիկ ոսկրային եւ մկանային հյուսվածքների հետ կապված խնդիրներ են ունենում: Ամենից հաճախ տուժում են մեջքը եւ պարանոցը: Տարիքի հետ այս խնդիրները միայն խորանում են:

Պասիվ կենսակերպը կարող է նաեւ դեպրեսիվ խանգարումներ եւ բարձր տագնապայնություն առաջացնել: Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք օրական 8-10 ժամ նստած են անցկացնում։