ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը Դանիայիում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն քննարկելու է տարածաշրջանային որոշակի խնդիրներ եւ ծրագրեր: Եվրոպական տարածաշրջանը ընդգրկում է 53 երկիր, այդ թվում Հայաստանը: 64-րդ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային գործընկերներ, քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների անդամներ:
ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը կարեւորում է «Առողջություն -2020» քաղաքականության վերաբեյալ առաջին հաշվետվությունը, ուր ներկայացվելու է ԱՀԿ կողմից երկրներում կատարված եւ կատարվելիք աշխատանքները: Նստաշրջանի 4 օրերի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ, որոնք վերաբերելու են ԱՀԿ-ի բարեփոխումներին, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության եւ սնուցման, պատվաստանյութերով ապահովման եւ այլ խնդիրների : Նախատեսված են զեկույցներ նախկին նստաշրջաններում ընդունված որոշումների, կատարման վերաբերյալ:
Անդրադարձ կկատարվի «Առողջապահական համակարգերը հանուն առողջության եւ բարեկեցության`«Առողջություն-2020՚» քաղաքականության ենթատեքստում Տալլինյան խարտիայի դրույթների իրագործմանը, վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովների արդյունքներին: Այս նստաշրջանում առաջիկա հինգ տարիների համար կընտվի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, որին հավակնում է ներկայիս տնօրեն Ժուժաննա Յակաբը, ինչպես նաեւ կնշանակվեն ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի եւ այլ կոմիտեների նոր անդամներ:
Անցած 66 տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հսկայածավալ ծրագրեր ու ձեռնարկումներ է իրականացրել`առողջության գլոբալ ռազմավարության եւ անվտանգության, առողջապահական համակարգերի կազմավորման եւ կարողությունների հզորացնելու, համաճարակների, վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ բուժման ռազմավարություններ մշակելու, դրանք կյանքի կոչելու առումներով: ԱՀԿ-ի առավել կանոնադրային գործառույթը հանրության առողջության պահպանման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հավաքելու եւ դրանք բարելավելու առաքելությունն է: Իր գործունեությամբ ԱՀԿ-ն աջակցում է անդամ երկրներին մշակելու եւ իրականացնելու արդյունավետ քաղաքականություններ եւ ռազմավարություններ, լուծել հանրային առողջապահության հրատապ հիմնախնդիրները եւ բարելավել բնակչության առողջության ցուցանիշները: ԱՀԿ-ն կառավարվում է տարեկան համաժողովներով, որին մասնակցում են անդամ երկրների պատվիրակությունները: ՀՀ Առողջապահության նախարարություն






