Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողների ստեղծած համակարգչային խաղը երաժշտական ռիթմի մարզման համար անսպասելիորեն բարելավել է տարեց մասնակիցների հիշողությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում։
Փորձին մասնակցել է 60-79 տարեկան 47 մարդ։ Մի խումբ խաղում էր «Rhythmicity» երաժշտական ռիթմիկ խաղը, մյուսը՝ բառեր էր որոնում։ 20 րոպեանոց խաղերը մասնակիցները կազմակերպել են ամեն շաբաթ հինգ օր՝ ութ շաբաթվա ընթացքում։
«Rhythmicity»-ն ստեղծվել է «Grateful Dead» խմբի հարվածային գործիքներ նվագող Միկի Հարթի հետ։ Դրանում օգտագործվել են վիզուալ հուշումներ, որպեսզի մասնակիցներին սովորեցնեն ռիթմ խաղալ պլանշետի վրա։ Պահանջվող տեմպը, բարդությունը եւ ճշգրտությունը հարմարեցվել են խաղացողների արդյունքներին։
Հետաքրքիր է, որ երաժշտական ռիթմ սովորելը կարողացել է բարելավել ոչ երաժշտական առաջադրանքի կատարումը։ Վերլուծությունը կատարվել է էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) օգնությամբ՝ առաջադրանքի ժամանակ անհայտ մարդկանց դեմքերը հիշելով։ «Rhythmicity» խաղացողներն սկսել են ավելի լավ ճանաչել դեմքերն ութ շաբաթ հետո, իսկ ԷԷԳ-ի տվյալները ցույց են տվել բարձր ակտիվություն վերին գագաթի շրջանում՝ ուղեղի այն հատվածում, որը կապված է կարճատեւ տեսողական հիշողության հետ։






