Իսրայելցի գիտնականները պարզել են, որ ինտենսիվ աերոբիկ վարժությունները կարող են նվազեցնել մետաստատիկ քաղցկեղի առաջացման վտանգը: Թել Ավիվի համալսարանի գիտնականների կատարած հետազոտությունը հրապարակվել է Cancer Research ամսագրում:
Քաղցկեղի համաճարակաբանական ուսումնասիրության ժամանակ գիտնականները մոտ 20 տարի հետեւել են 3000 մարդու: Մետաստատիկ քաղցկեղի զարգացման ռիսկը 72 տոկոսով ցածր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար բարձր ինտենսիվությամբ աերոբիկ վարժություններ են կատարել:
Մկների վրա անցկացված փորձը հետազոտողներին թույլ է տվել որոշել մետաստատիկ քաղցկեղի ռիսկի նվազեցման հիմնական մեխանիզմը։ Երբ գիտնականները արհեստականորեն քաղցկեղ են առաջացրել մկների մոտ, այն հազվադեպ է մետաստատիկ բնույթ կրել: Դա պայմանավորված է եղել նրանով, որ կենդանիների վարժեցման շնորհիվ ներքին օրգանների կողմից գլյուկոզայի սպառումն ավելացել է։ Շաքարը նույնպես անհրաժեշտ է ուռուցքների համար եւ օրգանների կողմից դրա ընդունումը նվազեցրել է ուռուցքային բջիջների համար էներգիայի հասանելիությունը:
Պարբերաբար ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ այս վիճակը դարձել է մշտական եւ ուղեկցվել ներքին օրգանների հյուսվածքների փոփոխությամբ։
Գիտնականները հավելել են, որ եթե ճարպերն այրելու համար սրտի աշխատանքի օպտիմալ հաճախականությունը կազմում է սրտի մաքսիմումի 65-ից 70%-ը (կախված տարիքից), ապա ներքին օրգանների կողմից գլյուկոզայի կլանման համար անհրաժեշտ է 80-ից 85%-ը։ Միաժամանակ բավարար են կարճ ընդմիջումները, ինչպես օրինակ՝ մեկ րոպե արագ վազք, հետո անցում քայլքին եւ նորից մեկ րոպե արագ վազք։ Այս մոտեցումը հայտնի է որպես «բարձր ինտենսիվության ինտերվալային մարզում»:
Իրականում, ֆիզիկական վարժություններն ավելի արդյունավետ են քաղցկեղի կանխարգելման համար, քան ցանկացած դեղամիջոց կամ բժշկական միջամտություն:






