Նոյեմբերի 17-ին Երեւանում իր աշխատանքներն է մեկնարկել «Գենոտեկ» (Genotek) գենետիկական լաբորատորիան։ Ժամանակակից լաբորատոր համալիրը, որը հագեցած է գենոմային սեկվենավորման եւ միկրչիպային վերլուծության հարթակներով ամերիկյան Illumina ընկերության կողմից է պատրաստվել եւ թույլ է տալիս լուծել բժշկական հետազոտությունների եւ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները: Բացի ժառանգական հիվանդությունների ախտորոշումից, «Գենոտեկ» լաբորատորիայի ուղղություններից մեկը կլինի բույսերի եւ կենդանիների գենոմային բուծումը։
Ընկերության տնօրեն Վալերի Իլյինսկին ասաց, որ լաբորատորիան բացվում է Երեւանում՝ Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի հետ համատեղ։
«Մեր գործառույթը լաբորատոր մասն է։ Մենք կիսվում ենք գենետիկական տարբեր հատկանիշների վերծանման եւ մեկնաբանման տեխնոլոգիաներով եւ հնարավորություններով: Իսկ Հայաստանում բժշկական գենետիկայի ֆլագման՝ Բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկները խորդատվություններ կտրամադրեն եւ կանցկացնեն գենետիկական թեստեր»,- ասել է նա։
Վալերի Իլյինսկին բացատրել է, որ գենոմային սեկվենավորումը շատ կարեւոր է օրֆանային հիվանդությունների (չհստակեցված դեպքեր) ախտորոշման համար, իսկ միկրոզանգվածների եւ միկրոչիպերի հիման վրա վերլուծությունը հնարավորություն է տալիս մանրամասն գենետիկական ուսումնասիրությունների արժեքը իջեցնել բավականին մատչելի արժեքների:
Իլյինսկին խոստովանել է, որ գենետիկական անալիզները թանկ են, եւ դա պայմանավորված է սարքավորումների եւ ռեագենտների բարձր արժեքով. «Գենոմի ամբողջական սեկվենավորման սարքն, օրինակ, արժե 1 միլիոն դոլար: Մենք շահագրգռված ենք, որ գենետիկական հետազոտությունները հնարավորինս մատչելի լինեն։ Կարեւոր է հանրությանը առաջարկել ծառայություններ, որոնք օգնում են նրանց հոգ տանել իրենց առողջության մասին, ախտորոշել հիվանդությունները, ընտրել թերապիա կամ կանխել դրանք: Գենետիկական հետազոտությունների արժեքը Հայաստանում կնվազի մեր լաբորատորիայի գործարկմամբ։ Բայց կան նաեւ շատ թանկ գենետիկական հետազոտություններ. ամբողջ գենոմի սեկվենավորումը արժե մոտ 2000 դոլար: Այս ուսումնասիրության գինը պայմանավորված չէ նրանով, որ այն հարուստների համար է, այլ ռեագենտների արժեքով»։
Վալերի Իլյինսկին պարզաբանել է, որ Genotek-ը գործում է ԱՊՀ երկրներում եւ Ռուսաստանում արդեն 12 տարի։ Հայաստանում լաբորատորիա բացելու գաղափարը, որը կկենտրոնանա, ի թիվս այլ հարցերի, գյուղատնտեսական ծրագրերի վրա, ի հայտ է եկել մեկ տարի առաջ։ Նրա խոսքով, մի կողմից Հայաստանում գյուղատնտեսությունը բավականին լավ զարգացած է, մյուս կողմից՝ նոր տեսակներ ստանալը տեւում է մոտ 10-ից 12 տարի։
«Եթե կիրառվեն ուղղորդված գենետիկական ընտրության ժամանակակից տեխնոլոգիաները, ապա այդ ցիկլը կարող է կրճատվել մինչեւ 2-ից 3 տարի»,- նշել է մասնագետը։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը նշել է, որ այսօր գենետիկական տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են բուսաբուծության եւ անասնաբուծության մեջ՝ գյուղատնտեսության բոլոր ճյուղերի ինտենսիվությունը բարձրացնելու համար։
«Ներկայումս գյուղատնտեսության կարեւորագույն խնդիրներից է պարենային անվտանգությունը, որն ապահովելու նախապայման է նոր սորտերի եւ հիբրիդների ընտրությունն ու սերմարտադրությունը։ Եվ միայն կենսատեխնոլոգիաների կիրառմամբ է հնարավոր բարձր արագությամբ եւ արտադրողականությամբ ձեռք բերել հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ ամենաբարձր դիմադրողականություն ունեցող մրցունակ սորտեր։ Բացի այդ, դա կնվազեցնի կախվածությունը ներմուծումից»,- հայտնել է փոխնախարարը:
Նա հավելել է, որ Genotek-ի փորձը գենետիկական հետազոտությունների ոլորտում հնարավորություն կտա ներմուծել գենոմային ընտրությունը գյուղատնտեսություն. «Սա կապահովի բուծման նպատակային աշխատանք, որի արդյունքում կպահպանվեն ցեղատեսակների բուծման որակները, կբարելավվեն ինչպես հիմնական անասունների գենետիկական ներուժը, այնպես էլ տեղական կենդանիների տնտեսապես արժեքավոր հատկությունները»։
Genotek-ը բարձր տեխնոլոգիական բժշկական ընկերություն է, որը հաճախորդներին տրամադրում է գենետիկ տեղեկատվություն՝ բարելավելով նրանց կյանքի որակը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում բժշկական գենետիկայի ոլորտում։ ԴՆԹ-ի ուսումնասիրությունների տվյալները թույլ են տալիս ախտորոշել, ընտրել արդյունավետ թերապիա եւ բացահայտել հիվանդությունների հավանականությունը:
Illumina-ն գենետիկ տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին եւ զբաղվում է բազմազանության եւ կենսաբանական ֆունկցիաների վերլուծության համակարգերի մշակմամբ եւ արտադրությամբ։ Illumina-ի հաճախորդները ներառում են գենոմի հետազոտական կենտրոններ, դեղագործական ընկերություններ, համալսարանական կենտրոններ, կլինիկական հետազոտական կազմակերպություններ եւ կենսատեխնոլոգիական ընկերություններ:






