Շոշափելիքի զգայարանի էությունը մինչ այժմ քչերին է հետաքրքրել՝ պարզապես կա եւ վերջ: Երեւույթի հետազոտությամբ զբաղվող նյարդաբանները կավելացնեն, որ այն մի շարք ռեցեպտորների եւ ուղեղի տարբեր հատվածների օգնությամբ է գործի դրվում, որոնցից յուրաքանչյուրը շփման կրողը հանդիսացող առարկայի հետ ինքնատիպ փոխազդեցության մեջ է մտնում: Սակայն, ինչպես Չիկագոյի համալսարանականներն են վերջերս պարզել, այդքանով ամեն ինչ չի ավարտվում:
60 տարի շարունակ գիտական աշխարհում այն համոզմունքն էր շրջանառվում, թե շոշափելիքի զգայարանը ուղեղում՝ սեփական ռեցեպտորների՝ այսպես կոչված աֆերենտների խթանմամբ գործի դրվող երեք անկախ՝ առանձին տեղեկությունների հաղորդմանը միտված գործընթացների արտացոլանքն է հանդիսանում: Դանդաղ ադապտացվող 1-ին տիպի ռեցեպտորները շոշափվող առարկայի չափերի եւ կառուցվածքի մասին տեղեկատվության ստացման համար են պատասխանատու, արագ ադապտացվող աֆարենտները՝ շարժման եւ հպարգելման մասին տեղեկությունների փոխանցման, իսկ պաչինյան աֆերենտները՝ ուղեղին թրթռուն ազդակների հաղորդման, հաղորդում է Medical Daily-ն:
«Ցանկացած պահի, երբ ինչ-որ առարկա ենք շոշափում, բոլոր երեք ռեցեպտորները սկսում են միաժամանակ ակտիվանալ եւ տեղեկություններ հաղորդել դրա ձեւի, կառուցվածքի եւ մաշկի հետ շփմամբ տեղաշարժի մասին», - մեկնաբանել է կրթօջախի օրգանիզմային կենսաբանության եւ անատոմիայի ամբիոնի դոցենտ դոկտոր Սլիման Բենսմայան՝ ընդգծելով, որ աֆարենտների ոչ թե առանձին, այլ միահամուռ աշխատանքի արդյունքն է շոշափելիքի զգայարան ծնում, թեեւ, կոնկրետ իրավիճակում, հիշյալ բաղադրիչները գործընթացի մեջ մեկը մյուսից պակաս կամ ավել ներդրում կարող են ունենալ:
Դոկտոր Բենսմայայի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի անդամները նախընթաց 57 տարիների ընթացքում իրականացված ավելի քան 100 հետազոտական ծրագրերի արդյունքներն են վերլուծել՝ բացահայտելու համար, որ դրանց մեծ մասը թյուրըմբռնումների տեղիք են տվել, քանի որ փորձարկումների փուլում այնպիսի մեթոդներ են կիրառվել, որոնք կարող էին շոշափելիքի զգայարանի մասնակի գործարկման, եւ հետեւապես՝ առանձին աֆարենտների ակտիվացման հանգեցնել:
Ու թեեւ հետազոտության արդյունքները մեզ՝ սովորական մահկանացուներիս գրեթե ոչինչ չեն տալիս, դոկտոր Բենսմայան համոզմունք ունի, որ ապագա նյարդաբաններին դրանք շատ պետք կգան: «Գոնե այս պահին, որպես ելակետ, սոմատոսենսորային նյարդաբանությունը ճիշտ կմատուցվի», - ամփոփել է նա:






