Պտղի ուղեղի ՄՌՏ սկանավորման միջոցով կարելի է հայտնաբերել աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) առաջին նշանները, պարզել են Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում (մտնում է Nature խմբի մեջ):

Հեղինակները կապ են հայտանբերել աուտիզմի հատկանիշների եւ պտղի մեկուսացված վենտրիկուլոմեգալիայի՝ ուղեղի տարածված անտենատալ անոմալիայի միջեւ։ Վենտրիկուլոմեգալիան լիքվորի (ողնուղեղային հեղուկի) ավելորդ կուտակում է ուղեղի փորոքներում եւ դրանց ծավալի մեծացումը։ Այն կապված է ողնուղեղի հեղուկի արտադրության եւ ներծծման անհավասարակշռության կամ ողնուղեղի տարածություն դրա արտահոսքի դժվարության հետ։ Մեկուսացված վենտրիկուլոմեգալիան բնութագրվում է միայն ուղեղի փորոքների մեծացմամբ՝ առանց զարգացման այլ պաթոլոգիայի:

Հետազոտությանը մասնակցել է երեխաների երկու խումբ՝ մեկում  ներառվել է 24 առողջ մասնակից, երկրորդում՝ անոմալիա ունեցող 10 երեխա։ Աշխատանքի շրջանակներում գիտնականները, բացի պտղի ՄՌՏ-ից, կատարել են երեխաների կոգնիտիվ եւ սոցիալական զարգացման մի քանի գնահատումներ՝ երկու տարեկանում, երբ սովորաբար ի հայտ են գալիս ԱՍԽ-ի առաջին նշանները, եւ կրտսեր դպրոցական տարիքում:

«Վենտրիկուլոմեգալիայի ախտանիշով ​​տղաների գրեթե 40 տոկոսը ավելի բարձր միավորներ է հավաքել ԱՍԽ-ի դիագնոստիկայի համար: Օրինակ՝ նախադպրոցական տարիքում նրանք ունեցել են խոսքի հմտությունների զարգացման զգալի ուշացում, ուշադրության, վարքագծի նորմերի պահպանման դժվարություններ, հիշողության հետ կապված խնդիրներ»,- նշել են գիտնականները։

Ստացված արդյունքները կարող են նոր հնարավորություններ ստեղծել ԱՍԽ-ի վաղ կանխատեսման համար: Ապագայում գիտնականները կշարունակեն ուսումնասիրել ԱՍԽ-ի կապը ուղեղի զարգացման անոմալիաների հետ: