Բժիշկներն ավելի էքստրավերտ են (էներգիա են ստանում մարդկանց հետ շփվելուց), ընկերասեր եւ բարեխիղճ, բայց միեւնույն ժամանակ նրանք ավելի նյարդային են եւ ավելի քիչ են խոսում իրենց անձնականից, քան այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Բացի այդ, բժիշկները հակված են հավատալ ճակատագրին։ Նման եզրակացության են եկել Ավստրալիայի Մելբուռնի համալսարանի եւ Կանադայի Քարլթոնի համալսարանի գիտնականները՝ երկու ծավալուն հարցումների վերլուծության արդյունքներով: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է BMJ Open ամսագրում: Վերլուծությանը մասնակցել են Ավստրալիայի 20-85 տարեկան բնակիչներ. նրանցից 25 358-ը բժշկական մասնագիտություններ չեն ունեցել, իսկ 19 351-ը բժշկական մասնագիտություն են ունեցել (5 844 ընդհանուր պրակտիկայի բժիշկներ, 1 776 պացիենտակենտրոն մասնագետներ եւ 3 245 տեխնիկական կողմնորոշվածությամբ մասնագետներ): Հետազոտության հեղինակները որոշել են ուսումնասիրել բժշկի մասնագիտության եւ լոկուսի վերահսկողության հարաբերակցությունը, ինչը ենթադրում է, որ մարդն ինքնուրույն է ստեղծում իր կյանքը, այլ ոչ թե ապավինում է «ճակատագրի կամքին»: Ի զարմանս գիտնականների՝ բժիշկներն իրենց համարում էին ավելի հաճախ, քան մյուսները, ենթակա արտաքին ուժերին, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են: Բացի այդ, հետազոտության հեղինակները բացահայտել են բուժաշխատողների բնավորության հինգ գլխավոր գծերը։ Պարզվել է, որ բժիշկները ոչ բժշկական մասնագիտությունների տեր մարդկանց համեմատ ամենից հաճախ ունեցել են բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են բարեհամբույրությունն ու էքստրավերտությունը, սակայն դրա հետ մեկտեղ բժիշկների շրջանում գերակշռել է նյարդայնությունը։ Հետաքրքիրն այն է, որ եւ՛ բուժող բժիշկները, եւ՛ բուժքույրերն ավելի հավանական է, որ բարյացակամություն ցուցաբերեն, քան վերլուծության մյուս մասնակիցները:
Բժիշկներն այլ մասնագիտությունների տեր մարդկանցից ավելի հաճախ են հավատում ճակատագրին. հետազոտություն






