Շվեդ հետազոտողները հայտնաբերել են, որ ստրեպտոկոկի որոշ շտամներ աղիների միկրոֆլորայում եւ բերանի խոռոչում կապված են  զարկերակների պատերին խոլեստերինային բշտերի արագացված առաջացման հետ, ինչն առաջ է բերում աթերոսկլերոզ։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Ուպսալայի համալսարանի (UU) մամուլի ծառայությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Circulation ամսագրում։

«Մենք հայտնաբերել ենք, որ բերանի խոռոչի մանրէները, հատկապես ստրեպտոկոկերի որոշ տեսակներ, զուգորդվում են աթերոսկլերոզային բշտերի արագացված առաջացման հետ սրտի փոքր զարկերակերում՝ այն դեպքում, եթե այդ միկրոբներն առկա են նաեւ պացիենտի աղիներում։ <...> Հիմա մենք պետք է հասկանանք, թե արդյոք այդ մանրէները նպաստում են աթերոսկլերոզի առաջացմանը»,- տեղեկացրել է UU պրոֆեսոր Տուվե Ֆալը, որի խոսքերը մեջբերել է բուհի մամուլի ծառայությունը։

Աթերոսկլերոզը արտահայտվում է խոլեստերինի եւ այլ լիպիդների կուտակմամբ անոթների պատերին՝ ձեւավորվում են աթերոսկլերոզային բշտեր։ Դա հանգեցնում է անոթների անանցանելիության, դրանցում կալցիումի կուտակման եւ առաձգականության կարոստի։ Աթերոսկլերոզի առաջացման հավանականությունն էապես բարձրանում է ոչ ճիշտ սնվելու, նստակյաց կենսակերպի եւ վնասակար սովորությունների առկայության դեպքում։

Աշխատանքի հեղինակները գտել են վկայություններ այն մասին, որ աթերոսկլերոզի առաջացման հետ կապված են նաեւ բերանի միկրոֆլորայի եւ աղիների առանձնահատկությունները։ Գիտնականները եկել են այս եզրակացության 50-64 տարեկան 9 հազար շվեդների առողջ սրտի եւ անոթների ուսումնասիրման ընթացքում։

Անցյալում կամավորականների մոտ բժիշկները աթերոսկլերոզ եւ արյան շրջանառության համակարգի այլ լուրջ հիվանդություններ չեն հայտնաբերել։ Այս հետազոտության շրջանակում գիտնականներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, թե որքան արագ են այդ մարդկանց անոթների պատերին գոյացել աթերոսկլերոզային բշտեր։

Հետազոտողները հավաքել են միկրոֆլորայի նմուշներ, ուսումնասիրել մանրէների տեսակային բազմազանությունը եւ այդ տվյալները համադրել կամավորականների առողջ զարկերակների վիճակի հետ։ Դա թույլ է տվել պարզել աղիների կամ բերանի խոռոչի մանրէների 63 տարատեսակ՝ կապված զարկերակների եւ խոլեստերինային բշտերի արագ առաջացման հետ։

Այդ մանրէների զգալի մասը պատկանել է ստրեպտոկոկերի թվին։ Արյունատար համակարգի վրա ամենաուժեղ ազդեցություն գործել են Streptococcus agalactiae, Streptococcus anginosus и Streptococcus oralis տեսակների շտամները, որոնք առաջացնում են նշիկաբորբ եւ բերանի խոռոչի ու վերին շնչուղիների այլ հիվանդություններ։

Թե ինչպես են այդ միկրոբները նպաստում աթերոսկլերոզի առաջացմանը՝ գիտնականներն առայժմ ստույգ ասել չեն կարող։ Նրանք ենթադրում են, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ աղիների ստրեպտոկոկերն ակտիվորեն քայքայում են երկու բնական շաքարները՝ ֆրուկտոզան եւ տրեգալոզան, ինչպես նաեւ արտադրում են նյութեր, որոնք նպաստում են քրոնիկական բորբոքման առաջացմանը։ Կենդանիների վրա հաջորդ փորձերը կօգնեն հասկանալ, թե ինչպես կարող են այդ մանրէներն ազդել արյան շրջանառության համակարգի վրա, նշել են հետազոտողները։