Հոնկոնգի Քաղաքային համալսարանի գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկները, որոնք պարունակվում են յոգուրտի, պանրի եւ թթու կաղամբի մեջ, կայունացնում են արյան ճնշումը, տեղեկացրել է Daily Mail-ը։
Պրոբիոտիկները միկրոօրգանիզներ են, որոնք կարող են վերականգնել օրգանների նորմալ միկրոֆլորան, ինչպես նաեւ կործանարար ազդեցություն գործել պաթոգեն բակտերիաների վրա։ Պրոբիոտիկները «բնակվում» են մարդու միկրոֆլորայում եւ նրան օգուտ են բերում։
Ստուգելու համար, թե արդյունավետ են արդյոք պրոբիոտիկները հիպերտոնիայի դեմ պայքարում, հետազոտողները 16 շաբաթ տեւողությամբ փորձ են կատարել, որոնց մասնակցել են լաբորատոր մկներ։ Առաջին խմբի կրծողները խմել են ֆրուկտոզայի (շաքարի) բարձր պարունակությամբ ջուր, որը բարձրացրել է նրանց արյան ճնշումը։ Երկրորդ խմբի մկները քաղցրացված ջրի հետ միասին ստացել են Bifidobacterium lactis պրոբիոտիկ։ Երրորդ խումբը օգտագործել է ջուր եւ մեկ այլ պրոբիոտիկ՝ Lactobacillus rhamnosus։ Չորրորդ խմբի մկները օգտագործել են իրենց սովորական կերը։
Արդյունքները ցույց են տվել, որ պրոբիոտիկ ստացած մկների արյան ճնշման մակարդակը 20 տոկոսով ավելի ցածր է եղել, քան այն կրծողներինը, որոնք օգտագործել են միայն ջուր ֆրուկտոզայով։ Bifidobacterium lactis եւ Lactobacillus rhamnosus պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսին են կաթը, պանիրը, տոֆուն, թթու կաղամբը։
Այժմ գիտնականները նախատեսում են լրացուցիչ հետազոտություններ կատարել մարդկանց մասնակցությամբ, որպեսզի ապացուցեն կաթնաթթվային եւ ֆերմենտացված մթերքների արդյունավետությունը հիպերտոնիայի դեմ պայքարում։






