Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գենետիկները հայտնաբերել են կենսաբանական ծերացման չորս տեսակ (օրինաչափություններ)՝ մետաբոլիկ, իմունային, լյարդային և նեֆրոտիկ, հայտնում է Daily Mail-ը։
Գիտնականները նշել են, որ մարդու մարմնի ոչ բոլոր օրգաններն ու մասերն են նույն արագությամբ ծերանում։ Հետազոտողները հայտնաբերել են ծերացման չորս տեսակ՝ կախված այն բանից, թե օրգանիզմի որ հատվածներն են սկսում վատ աշխատել՝ իմունային համակարգ, նյութափոխանակության, լյարդի և երիկամների ֆունկցիաներ:
Ծերացման իմունային տեսակը բնութագրվում է մարմնում բորբոքային մարկերների ավելացմամբ, որոնք վկայում են իմունային համակարգի՝ վնասակար պաթոգենների և թունավոր միացությունների դեմ պայքարելու փորձերը: Ծերացման այս տեսակն ունեցող մարդիկ աուտոիմուն հիվանդությունների զարգացման համար ավելի մեծ ռիսկի տակ են:
Ծերացման նյութափոխանակության տիպի հետ մեծանում է շաքարախտի, գիրության և սրտի անբավարարության զարգացման հավանականությունը։ Լյարդի տիպը ցույց է տալիս լյարդի աշխատանքի խանգարումներ և այս օրգանի վատթարացում. մեծանում է ցիռոզի և լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ռիսկը: Նեֆրոտիկ տիպը բնութագրվում է երիկամների ֆունկցիայի խանգարմամբ: Այս ծերացման օրինաչափություն ունեցող մարդկանց մոտ կարող է զարգանալ երիկամային անբավարարություն և պիելոնեֆրիտ:
Հետազոտողները կարծում են, որ ծերացման տեսակի իմացությունը կբարձրացնի մարդկանց տեղեկացվածությունը տարբեր հիվանդությունների ռիսկերի մասին և կօգնի կանխարգելել դրանք: Օրինակ, լյարդի օրինաչափության կրողները կարող են իրենց սննդակարգից հեռացնել ալկոհոլը, իսկ նյութափոխանակության օրինաչափություն ունեցողները կարող են սկսել ավելի շատ շարժվել և մարզվել:






