Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկու լեզվի տիրապետելը կարող է կանխել Ալցհեյմերի հիվանդությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Direct-ում:
Մարդիկ, որոնք վարժ տիրապետում են երկու լեզվի (մայրենի և ոչ մայրենի) և օգտագործում են դրանք առօրյա կյանքում, կոչվում են երկլեզվակիրներ: Երկրորդ լեզուն կարելի է ձեռք բերել ինչպես մանկության, այնպես էլ հասուն տարիքում: Գիտնականները վերլուծել են, թե երկրորդ լեզու սովորելը 12-15, 16-30 և 31-60 տարեկանում ինչպես է ազդում մեծ տարիքում մարդու ճանաչողական կարողությունների վրա։ Հետազոտությանը մասնակցել է 746 կամավոր:
Հետազոտողները պարզել են, որ երկլեզվակիրները, որոնք երկրորդ լեզուն յուրացրել են նախքան ծերությունը, գորշ նյութի ավելի մեծ ծավալ ունեն, քան միալեզվակիրները: Ողնուղեղի և ուղեղի գորշ նյութը նյարդային համակարգի մի մասն է, որը բաղկացած է նեյրոններ կոչվող նյարդային բջիջների կուտակումներից: Եթե գորշ նյութում սկսվում են ատրոֆիկ պրոցեսներ, դա հրահրում է նեյրոնային դիսֆունկցիա և հետագայում հանգեցնում դեմենցիայի զարգացման։
Գիտնականները նաև պարզել են, որ այն մարդիկ, որոնք երկլեզվակիրներ են դարձել մանկության և երիտասարդության տարիներին, ավելի բարձր ճանաչողական ունակություններ ունեն, քան նրանք, ովքեր տարեց ժամանակ են սովորել երկրորդ լեզուն: 60 տարեկանից բարձր երկլեզվակիրները, որոնք երկրորդ լեզվին տիրապետել են ավելի մեծ տարիքում, չեն դրսևորել բարձր ճանաչողական ունակություններ և գորշ նյութի ավելացված ծավալ:
Ամենայն հավանականությամբ, ճանաչողական ունակությունների զարգացումը կապված է այն բանի հետ, որ երկու լեզվով միաժամանակ խոսելու համար մարդը պետք է ամենօրյա մտավոր ջանքեր գործադրի և մշտապես գտնվի ուշադրության բարձր կենտրոնացման վիճակում: Մի կողմից դա կարող է հոգնեցնել ուղեղը։ Այնուամենայնիվ, նման մտավոր ծանրաբեռնվածությունը մարզում է ընդհանուր և աշխատանքային հիշողությունը, ինչպես նաև խթանում է սովորելու կարողությունը՝ նեյրոնների ակտիվության մեծացման ճանապարհով։ Այս գործոնները միասին կարող են նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության ռիսկը:






