Բժիշկ Դենիս Բաննին RT-ի հետ զրույցում զգուշացրել է, որ մաքրամոլությունը կարող է հանգեցնել մաշկի և լորձաթաղանթների նորմալ միկրոֆլորայի խաթարմանը և բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոօրգանիզմների բազմացման համար։
«Ձեռքերի և մարմնի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել մաշկի բնական պաշտպանիչ ճարպային շերտի բարակելուն, ինչը մաշկը կդարձնի ավելի զգայուն ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ: Միևնույն ժամանակ, օգտակար բակտերիաները, որոնք նորմայի սահմաններում առկա են մաշկի վրա և պաշտպանում են օրգանը վարակներից, լվացվում են և նվազում է դրանց դիմադրողականությունը։ Սա կարող է հանգեցնել էկզեմայի, դերմատիտի, ռոզացեայի և մաշկային բազմաթիվ այլ հիվանդությունների»,- պարզաբանել է մասնագետը։
Եթե շրջակա միջավայրը «ստերիլ» է, ապա օրգանիզմի շփումների թիվը տարբեր պաթոգենների հետ նվազում է, իսկ իմունային համակարգի ձևավորումը խախտվում է, բացատրել է RT-ի զրուցակիցը։
«Բացի այդ, հակաբակտերիալ միջոցների մշտական օգտագործումը կարող է հանգեցնել հակաբիոտիկների հանդեպ միկրոօրգանիզմների կայունության զարգացմանը, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաների և աուտոիմուն հիվանդությունների ավելացմանը: Գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չափազանց ստերիլ պայմաններում մեծացած երեխաներն ավելի հավանական է, որ տառապեն ալերգիաներից, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայից: Դա բացատրվում է նրանով, որ իրական «թշնամիների» բացակայության դեպքում իմունային համակարգը սկսում է գրոհել օրգանիզմի սեփական բջիջների վրա»,- զգուշացրել է մասնագետը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ հիգիենայի կանոնների պահպանումը շատ կարևոր է. այն օգնում է խուսափել շնչառական համակարգի, աղեստամոքսային տրակտի, մաշկի բազմաթիվ հիվանդություններից։ Ուստի, ըստ բժշկի, անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել անվտանգության ողջամիտ միջոցառումների և օրգանիզմի համար վնասակար չափից դուրս մաքրության միջև։
«Ձեռքերը պետք է պարբերաբար լվանալ, հատկապես ուտելուց առաջ, զուգարան, հասարակական վայրեր այցելելուց կամ հիվանդ մարդկանց հետ շփվելուց հետո։ Լվանալու տևողությունը պետք է լինի առնվազն 20 վայրկյան»,- եզրափակել է Բաննին։






