Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի լաբորատորիան համապատասխանում է EFI բոլոր չափորոշիչներին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հյուսվածքների համատեղելիության եւ իմունոգենետիայի (Histocompatibility and Immunogenetics) ծառայության NHS Blood and Transplant-ի ղեկավար, EFI հավաստագրման ծրագրի պատասխանատու Անդրեա Հարմերը (Մեծ Բրիտանիա):
Ողջ աշխարում ոսկրածուծի դոնորների ռեեստրները փնտրում եւ գտնում են դոնորների, որոնց ոսկրածուծի ցողունային բջիջների օգնությամբ կարելի է բուժել մի շարք մահացու հիվանդություններով տառապող մարդկանց. միակ խնդիրը գենետիկորեն համատեղելի դոնոր գտնելն է: «Դոնորագրվող» կամավորների արյունը եւ գենոտիպը հետազոտվում է ռեեստրների լաբորատորիաներում, եւ հենց այդ հետազոտությունների օգնությամբ է հնարավոր գտնել համատեղելի դոնոր՝ այս կամ այն հիվանդի համար: Այդ իսկ պատճառով ռեեստրների լաբորատորիաների աշխատանքը եւ աշխատանքի որակը այդքան կարեւոր են. ցանկացած սխալ կարող է հիվանդի կյանքի արժեքն ունենալ:
EFI հավաստագրման ծրագրի շրջանակներում ռեեստրների լաբորատորիաներում ստուգումներ են անցկացնում, որոնց հիմնական նպատակն է համոզվել, որ հավաստագրված լաբորատորիաները նույն ստանդարտներով են աշխատում եւ հետազոտությունների նույն որակն են ապահովում: Դա հնարավորություն կտա խուսափել մի շարք խնդիրներից, երբ ոսկրածուծի դոնորը մի երկրից է, իսկ հիվանդը՝ այլ երկրից:
«Մեր հավաստագրման ծրագրի ամբողջ իմաստն այն է, որ համոզվենք, որ բոլոր երկրներում լաբորատորիներում անցկացվող հետազոտությունները նույն որակն են ապահովում», - ասել է Անդրեա Հարմերը, ավելացնելով, որ Հայաստանի ռեեստրի լաբորատորիան հավաստագրված է EFI կողմից եւ համապատասխանում է նույն ստանդարտներին, ինչպես Եվրոպայում գործող 264 լաբորատորիաները:
Անդրեա Հարմերը այսօր երկու զեկույց է կարդալու՝ EFI հավաստագրման ծրագրի եւ HLA լաբորատորիաներում որակի ապահովման մասին:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է, որ ռեեստրում եւ լաբորատորիայում ամեն տարի ստուգումներ են անցկացվում, իսկ երեք տարին մեկ EFI-ը մեծ ինսպեկցիա է ուղարկում, որի գլխավոր նպատակը կրկին որակի երաշխիքն է:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» հարաբերությունները Եվրոպական իմունոգենետիկայի ֆեդերացիայի հետ Սեւակ Ավագյանը գնահատել է որպես պրոֆեսիոնալ եւ արդյունավետ:






