Նիհարել ցանկացող կանայք տարբեր մեթոդների են դիմում. ոմանք սկսում են սպորտով զբաղվել, ոմանք համացանցում հարմար դիետա են փնտրում, ոմանք դիետոլոգի օգնությանն են դիմում, ոմանք էլ՝ հոգեթերապեւտի:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանն է պատմել, Հայաստանում զարգացած երկրների համեմատ կանայք դեռ ավելի հազվադեպ են նիհարելու ցանկությամբ հոգեթերապեւտի օգնությանը դիմում, բայց դիմողները գրեթե միշտ լավ արդյունքների են հասնում:
Ինչպե՞ս է կարող հոտեթերապեւտը օգնել նիհարել: Ամեն ինչ իրականում շատ պարզ է. մասնագետն օգտագործում է տարատեսակ հոգեբանական եւ հոգեթերապեւտիկ մեթոդներ, որոնց օգնությամբ փոխվում են մարդու մոտեցումները, վերաբերմունքն ինքն իրեն եւ կյանքին եւ, ամենակարեւորը, սննդային վարվելակերպը: Հենց այդ է պատճառը, որ դիետաներից հետո շատերի ավելորդ քաշը վերականգնվում է, իսկ հոգեբանական աշխատանքներից հետո՝ ոչ, քանի որ մարդը չի վերադառնում իր նախկին կյանքին եւ սննդակարգին, նա այլ, փոխված եւ ավելի հարմոնիկ մարդ է դառնում:
Ցոլակ Հակոբյանի խոսքով՝ տարբեր պացիենտների հետ տարբեր մեթոդներ եւ մոտեցումներ են կիրառվում՝ հաշվի առնելով պացիենտի անձնական առանձնահատկությունները: Սակայն ցանկացած աշխատանք սկսելուց առաջ մասնագետին պետք է հասկանալ, թե ինչու է պացիենտն ուզում նիհարել. դա նրան պետք է ավելի առողջ եւ առույգ լինելու համա՞ր, թե՞ նա ընդամենը ցանկանում է «նորաոճ» լինել եւ համապատասխանել նիհար լինելու մոդային:
Հոգեթերապեւտի խոսքով՝ կինը պետք է սկսի գիտակցել, որ բոլոր մարդիկ իրար նման լինել չեն կարող. ոմանք նիհար են, ոմանք՝ ավելի գեր, ոմանք բարձրահասակ են, ոմանք էլ՝ ցածրահասակ: Յուրաքանչյուր մարդ իր առանձնահատկություններն ունի եւ իր ձեւով է գեղեցիկ:
Նորաձեւությունը միշտ փոխվում է, եւ պետք չէ դրա հետեւից «ընկնել»: Շատ ավելի կարեւոր է լինել առողջ՝ թե ֆիզիկապես, թե հոգեպես, եւ առողջ սննդային վարվելակերպ ունենալ՝ դա կօգնի զերծ մնալ թե ավելորդ քաշից, թե բազմաթիվ այլ խնդիրներից:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ NEWS.am Medicine-ի թղթակիցն այս թեմայի շուրջ զրուցել էր նաեւ հայտնի կլինիկական հոգեբան եւ հոգեթերապեւտ Սվետլանա Բրոննիկովայի (Հոլանդիա) հետ, ով մասնագիտացած է հենց սննդային վարքագծի խախտումների, դրանց բուժման եւ հոգեթերապեւտիկ մեթոդների օգնությամբ ավելորդ քաշից ազատվելու ոլորտում:






