Սեուլի ազգային համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները հայտնաբերել են, որ միգրենի հաճախակի նոպաները կարող են բարձրացնել խոցային կոլիտի հավանականությունը 1,3 անգամ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Խոցային կոլիտը աուտոիմունային հիվանդություն է, բնորոշվում է աղեստամոքսային տրակտի քրոնիկական բորբոքմամբ։ Այն առաջ է գալիս գենետիկ գործոնների եւ արտաքին միջավայրի գործոնների փոխազդեցության հետեւանքով։ Խոցային կոլիտի ախտանշաններն են մշտական լուծը, որովայնի ցավերը եւ քաշի կորուստն ու հոգնածությունը։

Այդ հիվանդության առաջացման ոչ ակնհայտ գործոնները պարզելու համար գիտնականները փորձ են կատարել 20 տարեկանից բարձր 10 մլն մարդու մասնակցությամբ։ Նրանք բաժանվել են երկու խմբի՝ կախված միգրենի առկայությունից կամ բացակայությունից։ Ընդհանուր առմամբ միգրենով տառապել է մասնակիցների մոտ 2,8 տոկոսը, ընդ որում՝ նրանց մեծ մասը կանայք էին։

Մասնակիցների առողջական վիճակի գնահատականը ցույց է տվել, որ միգրենով տառապող մարդկանց մոտ խոցային կոլիտի առաջացման հավանականությունը 1,3 անգամ ավելի բարձր է, քան միգրեն չունեցողների մոտ։ Չնայած միգրենը ավելի հաճախ հանդիպել է կանանց մոտ, այն լուրջ բացասական ազդեցություն է ունեցել տղամարդկանց ֆիզիկական առողջության վրա։ Գիտնականները հաշվել են, որ միգրեն ունեցող տղամարդկանց եւ կանանց մոտ խոցային կոլիտի առաջացման հավանականությունը բարձրացել է 43 եւ 12 տոկոսով՝ համապատասխանաբար։

Ամենայն հավանականությամբ, այդ հարաբերակցության հիմքում ընկած մեխանիզմը կապված է աղիքներ-ուղեղ առանցքի հետ։ Դա ազդանշանների երկկողմ կենսաքիմիական փոխանցումն է, որը տեղի է ունենում աղեստամոքսային տրակտի եւ կենտրոնական նյարդային համակարգի միջեւ։ Քիմիական նյութերը, որոնք արտադրվում են աղիների միկրոբիոմում, կարող են հսկայական ազդեցություն ունենալ ուղեղի աշխատանքի վրա։