Ցանկացած առարկայի, մարդու եւ երեւույթի վերաբերյալ դիտարկումները մեծապես առաջին տպավորությունից են կախված: Մելբուրնի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամներին հաջողվել է ուղեղի հենց այդ՝ ամենավաղ դատողությունների մեխանիզմը պարզել: Նրանց բացահայտել են, թե, նախքան բոլոր մտքերն ի մի բերելը, ինչ կշռադատումներ է մարդ արարածն իրականացնում: Հետազոտության արդյունքները PLOS ONE ամսագրի էջերում են հրապարակվել:
«Մենք պարզել ենք, որ դիտարկման ամենավաղ փուլում նույնիսկ ժամանակագրական անցումներ են տեղի ունենում, որոնց մասին մտքի հեղինակն անգամ կարող է անտեղյակ մնալ: Որոշ պատկերներ կարող են ստիպել նրան, որ ներկայի կամ ապագայի մասին մտածի: Օրինակ՝ երբ մոլախաղերից հրաժարվելու փորձեր կատարող մեկը հետուստացույցով խաղի գովազդ է տեսնում եւ փորձում անտեսել այն, ուղեղը, միեւնույնն է, անգիտակցորեն մշակում է այն եւ մոլուցքից ձերբազատվելու հավանականությունը նվազեցնում», - մեկնաբանել են գիտնականները:
Գիտահետազոտական խմբի անդամները էլեկտրաուղեղագրության (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) օգնությանն են դիմել՝ ուղեղում արձակվող ալիքները հետազոտելու, դրանց՝ անցյալի կամ ապագայի մասին մտքերի հարուցմանը միտված ներուժը եւ գրավչությունը պարզելու համար: Ուսումնասիրության գլխավոր նպատակը իմպուլսիվ որոշումների կայացման համար պատասխանատու մեխանիզմների եւ այդ որոշումների նկատմամբ վերահսկողության մակարդակի բացահայտումն է եղել, ինչը կարող է օգտակար լինել՝ այս կամ այն տեսակի կախվածությամբ տառապող մարդկանց գործողությունների շարժաթիռը պարզելու համար, հաղորդում է Medical Daily-ն:
«Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ ապառնի ժամանակի հետ առնչություն ունեցող պատկերները ապագայի վերաբերյալ՝ գիտակությունից դուրս մտքերի առաջացման հավանականություն խթանելու հատկություն ունեն, ինչն էլ, տեսականորեն, կարող է իմպուլսիվության կորստի եւ առավել առողջ որոշումների կայացման հանգեցնել: Սա դեռ հիպոթեզ է, որ ճշտման կարիք ունի», - մեկնաբանել է ուսումնասիրության համահեղինակ դոկտոր Դանիել Բենեթը:
Նախապես պատկերացնելով, թե ինչպես է մոլախաղի, բարի կամ սիգարետի վերաբերյալ այս կամ այն գովազդը ուղեղի վրա ազդում՝ մասնագետները կարող են համարժեք վարքագծային թերապիա մշակել: Գիտնականների համոզմամբ, հարկավոր է հաշվի առնել, որ ժամանակակից աշխարհում իմպուլսիվ վարքագծի բազմաթիվ կատալիզատորներ գոյություն ունեն՝ սիգարետի հոտը, մնացուկը, զառի՝ գլորվելու կամ խաղաքարտի՝ սեղանին հպվելու ձայնը եւ այլն: Դրանց ազդեցության մեխանիզմների մասին հստակ պատկերացում կազմելով՝ կարելի է թույլ չտալ, որ «նյութական» մտքերի վերածվեն:






