Փիտսբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են արյան մարկերներ՝ կապված առողջ եւ արագ ծերացման հետ, ինչը թույլ է տալիս կանխատեսել մարդու կենսաբանական տարիքը։

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Aging Cell ամսագրում, մատնանշում է այն ուղիներն ու միացությունները, որոնք կարող են ընկած լինել կենսաբանական տարիքի հիմքում՝ լույս սփռելով այն բանի վրա, թե ինչու են մարդիկ տարբեր կերպ ծերանում, եւ առաջարկում է նոր նպատակներ միջամտությունների համար, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու նպաստել առողջության պահպանմանը, կյանքի տեւողությանը։

«Պատկերացրեք 65 տարեկան երկու մարդկանց. մեկը աշխատանքի է գնում հեծանիվով, հանգստյան օրերին դահուկ է քշում, մյուսը չի կարողանում բարձրանալ աստիճանները։ Նրանք նույն ժամանակագրական, բայց տարբեր կենսաբանական տարիքներ ունեն։ Ինչո՞ւ են այդ երկու մարդիկ տարբեր կերպ ծերանում։ Այս հարցն ընկած է իմ հետազոտությունների հիմքում»,- ասել է հետազոտության ավագ հեղինակ, Փիտի բժշկական դպրոցի գերիատրիկ բժշկության դոցենտ եւ Ծերացման ինստիտուտի անդամ Ադիթի Գուրկարը։

Գուրկարն ու իր թիմը այս հարցին պատասխանելու համար համեմատել են 196 տարեց մարդկանց՝ առողջ եւ արագ ծերացող։ Քանի որ քայլելու ունակությունը սիրտ-անոթային համակարգի, ֆիզիկական ուժի եւ նյարդաբանական առողջության ամբողջական ցուցանիշ է, այլ հետազոտությունները ցույց են տվել, որ դա հոսպիտալացման, հաշմանդամության, ֆունկցիոնալ հնարավորությունների նվազման եւ մահվան միակ ամենալավ պրեդիկատորն է տարեց մարդկանց մոտ։

75 եւ ավելի բարձր տարիքի առողջ մարդիկ կարող էին բարձրանալ աստիճանները կամ քայլել 15 րոպե՝ առանց հանգստանալու, իսկ արագ ծերացող մարդիկ (65-75 տարեկան) պետք է հանգստանային այդ ընթացքում։

Գուրկարի խոսքով՝ այս հետազոտությունը ինքնատիպ է նրանով, որ արագ ծերացող մարդիկ ժամանակագրական առումով ավելի երիտասարդ են առողջ մարդկանցից, ինչը թույլ է տվել հետազոտողներին կենտրոնանալ կենսաբանական, այլ ոչ թե ժամանակագրական ծերացման մարկերների վրա, ի տարբերություն այլ հետազոտությունների, որոնցում համեմատվել են երիտասարդ եւ տարեց մարդիկ։

Կենսաբանական ծերացման մոլեկուլյար հետքը պարզելու համար մասնակիցների արյան նմուշներում նրանք իրականացրել են մետաբոլոմիկա՝ մետաբոլիտների (մոլեկուկներ, որոնք օրգանիզմում գոյանում են քիմիական ճանապարհներով) ուսումնասիրություն երկու խմբերի արյան նմուշներով։

Օգտագործելով արհեստական բանականության մոդելը, որը կարող է կանխատեսել կենսաբանական առանձնահատկությունները որոշող պոտենցիալ գործոնները, գիտնականները պարզել են երեք հիմնական մետաբոլիտ, որոնք, ամենայն հավանականությամբ, նպաստում են առողջ ծերացմանը կամ արագացնում օրգանիզմի ծերացումը։ Ապագա հետազոտություններում նրանք նախատեսում են ուսումնասիրել, թե ինչպես են այդ մետաբոլիտները եւ մոլեկուլյար ուղիները, որոնք առաջացնում են դրանք, նպաստում կենսաբանական ծերացմանը, եւ ուսումնասիրել միջամտությունները, որոնք կարող էին դանդաղեցնել այդ գործընթացը։