Մեծ Բրիտանիայի Բրիսթոլի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ նվերներ տալը, անծանոթ մարդկանց հետ շփվելը, զբոսանքները եւ լավատեսական մտածողությունը նպաստում են երջանկության եւ կյանքից գոհ լինելու զգացողությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Higher Education ամսագրում։
Հետազոտողները նշել են, որ երջանկություն զգալու ունակության «մարզումը» նման է մարզասրահում ֆիզիկական կեցվածքի պահպանման աշխատանքին։ Որոշակի ժամանակի ընթացքում վարժությունների կատարումը չի երաշխավորում, որ արդյունքը մշտական կլինի պարապմունքները դադարեցնելուց հետո։ Նույն կերպ երջանկության զգացումը կապված է հոգեկան առողջության աշխատանքի հետ։
Հետազոտության շրջանակում, որը նաեւ փորձնական դասընթաց է Բրիսթոլի համալսարանի ուսանողների համար, գիտնականները պարզել են, որ երջանկության զգացողության «ամրապնդումը» շատ բանով կախված է կենսակերպից։ Մասնավորապես, կյանքից գոհ լինելուն նպաստում են զբոսանքները մաքուր օդում, կանոնավոր շփումը, լավատեսական մտածողությունը եւ նվերներ տալը։
Գիտնականների կարծիքով՝ այդ «վարժություններն» ակտիվացնում են ուղեղի պարգեւատրման կենտրոնները, ինչը նպաստում է ուժերի ավելացմանն ու հուզական վերելքին դոֆամինի հորմոնի արտազատման արդյունքում։ Նշվել է, որ անբավարար քունը եւ սոցցանցերով չափից շատ հրապուրվելը, հակառակը, կարող են հանգեցնել տագնապի եւ ճնշվածության առաջացման։






