Նիդեռլանդացի գիտնականները Մաքս Պլանկի հոգելեզվաբանության ինստիտուտից նշել են հավանական պատճառը, թե ինչու է մարդկանց 10 տոկոսն աշխարհում ձախլիկ ծնվում։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ամսագրում։

Հայտնի է, որ ձախլիկ եւ աջլիկ լինելը որոշվում է ուղեղի կիսագնդերի ակտիվությամբ։ Մարդկանց մեծ մասի մոտ ավելի զարգացած է ձախ կիսագունդը, որը նաեւ վերահսկում է առաջատար աջ ձեռքը։ Սակայն յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ պատկերը հակառակն է. գերակշռող աջ կիսագունդը նրանց ձախլիկ է դարձնում։ Մինչեւ վերջերս պարզ չէր, թե ինչով է պայմանավորված ուղեղի այս ասիմետրիկ զարգացումը։

Մասնագետները կարծում են, որ պատճառը կարող է թաքնված լինել TUBB4B գենում։ Նա վերահսկում է այն սպիտակուցը, որն ինտեգրվում է միկրոխողովակներ կոչվող հատուկ թելերում։ Միկրոխողովակներն ապահովում են բջիջների ներքին կառուցվածքը։ Գիտնականները պարզել են, որ  ձախլիկների մոտ ավելի հաճախ են հանդիպում մուտացիաներ TUBB4B-ում։

Նրանց եզրակացությունները հիմնվում են ավելի քան 350 հազար մարդու գենետիկ տվյալների (որոնք հավաքվել են Մեծ Բրիտանիայում) ուսումնասիրման վրա։

«Մենք կարծում ենք, որ ձախլիկության դեպքերի մեծ մասն առաջանում է սաղմնային ուղեղի զարգացման ժամանակ պատահական փոփոխությունների պատճառով, առանց հատուկ գենետիկ կամ բնապահպանական ազդեցությունների։ Օրինակ, որոշակի մոլեկուլների խտության պատահական տատանումներն ուղեղի ձեւավորման կարեւոր փուլերում»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, նեյրոկենսաբան Քլայդ Ֆրանկսը։

Հետազոտողները նշել են, որ գոյություն ունի փոխադարձ կապ ձախլիկության եւ հոգեկան շեղումների միջեւ։ Օրինակ, ձախլիկների շրջանում աջլիկների համեմատ երկու անգամ ավելի շատ են շիզոֆրենիայով  եւ մոտ երեք անգամ ավելի շատ՝ աուտիզմով տառապողները։