Հղիության ժամանակ պարացետամոլը եւ այն պարունակող դեղերը աուտիզմ չեն առաջացնում, պարզել է բժիշկների միջազգային կոլեկտիվը։ Այս մասին տեղեկացրել է ամերիկյան Դրեքսելի համալսարանի մամուլի ծառայությունը։
«Մեր դիտարկումների արդյունքները լավ նորություն են հղի կանանց համար, որոնք ստիպված են պարացետամոլ ընդունել ցավի կամ բարձր ջերմաստիճանի դեմ։ Մենք հուսով ենք, որ մեր հետազոտությունը կօգնի ապագա ծնողներին ավելի քիչ կասկածներ ունենալ դեղն ընդունելու առնչությամբ»,- ասել է Կարոլինայի ինստիտուտի (Շվեդիա) դոցենտ Ռենի Գարդները, որի խոսքերը մեջբերել է Դրեքսելի համալսարանի մամուլի ծառայությունը։
Երեք տարի առաջ աշխարհի առաջատար էնդոկրինոլոգները եւ բժիշկները Nature Reviews Endocrinology ամսագրում հրապարակել են գիտական հոդված, որտեղ առաջարկել են հրաժարվել պարացետամոլի օգտագործումից հղի կանանց բուժման համար։ Դա կապված էր հնարավոր վկայությունների առկայության հետ, որ պարացետամոլի հիմքով դեղերը կարող են նպաստել պտղի նյարդային համակարգի զարգացման եւ այլ մտավոր խանգարումների, այդ թվում աուտիզմի առաջացմանը։
Գիտնականները ստուգել են, թե արդյոք իրականում այդպես է եւ ուսումնասիրել են Շվեդիայի առողջապահական մարմինների 1995-2019թթ. ավելի քան 2 մլն հղի կանանց մասին հավաքած տվյալները։ Նրանց մոտ 7,5 տոկոսն ընդունել է պարացետամոլ հղիության ժամանակ, ինչը գիտնականներին հնարավորություն է տվել գնահատել, թե ինչպես է այդ դեղի օգտագործումն ազդել աուտիզմի առաջացման վրա երեխաների մոտ։
Երբ գիտնականներն ուսումնասիրել են դիտումների արդյունքները, հայտնաբերել են, որ պարացետամոլի ընդունումը էական ազդեցություն չի գործել աուտիզմի, ինչպես նաեւ այլ խանգարումների առաջացման վրա երեխաների կյանքի առաջին երկու տասնամյակի ընթացքում։ Դա բնորոշ է եղել այդ թվում նաեւ հարազատ եղբայրների եւ քույրերի համար, որոնց մի մասը ենթարկվել է պարացետամոլի ազդեցությանը ներարգանդային զարգացման ընթացքում, մինչդեռ մյուսները խուսափել են նման ազդեցություններից։
Ինչպես ենթադրում են հետազոտողները, նրանց գործընկերները նախկինում հակառակ եզրահանգման էին եկել այն պատճառով, որ նրանց դիտարկումներին մասնակցել են համեմատաբար ոչ մեծ թվով կամավորներ, որոնց մի մասը գենետիկ հակում է ունեցել աուտիզմի եւ հղիության ժամանակ հաճախ պարացետամոլ օգտագործելու հանդեպ։ Այդ գենետիկ գործոնների հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե ինչպես է առաջացել այդ կեղծ վիճակագրական կապը, նշել են հետազոտողները։






