Տասնամյակներ շարունակ ինչպես գիտնականների, այնպես էլ սպառողների շրջանում միասնական կարծիք չի ձեւավորվում առ այն, թե ի վերջո վնասակա՞ր են արդյոք միկրոալիքային վառարանները՝ մարդու առողջության համար: Կարո՞ղ ենք արդյոք, քաղցած աչքերով, սարքի պատուհանից կերակրի «պատրաստման» ընթացքը դիտել, թե՞ պետք է առնվազն մի քանի քայլ հեռավորության վրա մոտ կանչող ազդանշանին սպասենք:
Միկրոալիքային վառարաններն ի սկզբանե՝ երկրորդ աշխարհամարտի տարիներին, կասկածամտորեն են ընդունվել տնային տնտեսուհիների կողմից: Բանն այն է, որ սարքի աշխատանքի հիմքում այն նույն տեխնոլոգիան է, որը նացիստների՝ բրիտանական կղզիները ռմբակոծելու մտադրությամբ օդ բարձրացած ռազմական ինքնաթիռների թռիչքուղին «բռնելու» հնարավորություն էր ընձեռում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներին: Տեխնոլոգիայի՝ կերակրի տաքացմանն արագ եւ արդյունավետ կերպով նպաստելու ներուժը ինժեներ Պերսի ԼեԲարոնն էր բացահայտել: Վերջինս միկրոալիքային ռադարի կողքով անցնելիս նկատել էր, որ գրպանի կոնֆետները հալչել են: Կարճ ժամանակ անց շուկայում առաջին՝ չափերով սառնարանին չզիջող վառարանն էր հայտնվել: Փառք Աստծո, հետագայում ռադիացիայի արտահոսքն ու սարքի չափերը նվազեցնող նորարարական նախագծեր են կյանքի կոչվել:
Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ միկրոալիքային վառարանները կարող են մարդու օրգանիզմի հյուսվածքներին, ինչպես եւ «պատրաստման» ենթակա կերակրին, բարձր ջերմություն հաղորդել: Աշխատանքի մեխանիզմը հետեւյալն է. այն վիբրացիա է հաղորդում սննդամթերքի մեջ առկա ջրի մոլեկուլներին, ինչի արդյունքում բարձր ջերմություն կարող է անջատվել: Քանի որ մարդու մարմինը 60 տոկոսով ջրից է բաղկացած, մտահոգությունները, թե վառարանին չափազանց մոտ գտնվելով՝ լուրջ վնասվածք կարելի է ձեռք բերել, միանգամայն իրական են դառնում: Պարզվում է՝ սարքից արձակվող ռադիացիայի նկատմամբ առավելապես աչքերն ու ամորձիներն են խոցելի, թեեւ ցավոտ այրվածքները եւս չեն բացառվում: Այնպես որ, գոնե կատարախտից, իսկ տղամարդկանց պարագայում էլ՝ անպտղությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում մի փոքր առավել զգուշամտորեն վերաբերվել միկրոալիքային վառարաններին:
Կարեւոր հանգամանք է նաեւ այն, որ խնդրո առարկա ռադիացիան ոչ իոնիզացնող է, այսինքն, ինչպես եւ բջջային հեռախոսների պարագայում, չի կարող մոլեկուլյար կառույցի փոփոխության հանգեցնել, վստահեցնում է Medical Daily-ն:
Սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության սահմանմամբ, միկրոալիքային վառարանը պետք է, գործածության ողջ ընթացքում, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետր մակերեսից առավելագույնը 5 միլիվատտ ուժգնությամբ ռադիացիա արձակի: Այնպես որ, սարքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները ջանքեր չեն խնայում՝ գլխավորապես բացվող պատուհանի հատվածից ճառագայթման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար:
Այդուհանդերձ, որքան էլ որ նվազագույն լինի ռադիացիան, այն երբեք անվտանգ չէ, հատկապես՝ վառարանի մոտակայքում վազվզող երեխաների համար: Եվ մասնավորապես, եթե սարքը հին է, մաշվածության արդյունքում կարող է առավել մեծ ծավալներով ճառագայթման հանգեցնել:
Իսկ ահա հղի կանանց պարագայում բազմաթիվ մասնագետներ խորհուրդ են տալիս ողջ ինը ամիսների ընթացքում ընդհանրապես հեռու մնալ միկրոալիքային վառարանից:






